Իսրայելի ռազմական ղեկավարները մտահոգված են Սիրիայի ավիաբազաներում Թուրքիայի ներկայության հնարավոր կուտակմամբ, հայտնում է The War Zone-ը՝ վկայակոչելով պատերազմական գոտում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան պաշտոնյային:
Նրա մեկնաբանությունները հնչել են այն ժամանակ, երբ Անկարան բանակցություններ էր վարում Դամասկոսի նոր կառավարության հետ անվտանգության համաձայնագրի շուրջ, ինչը մտավախություն է առաջացնում Իսրայելի և Թուրքիայի միջև առճակատման մասին, նշում է լրատվամիջոցը:
«Սիրիայի Պալմիրայում Թուրքիայի ռազմաօդային ուժերի բազայի ստեղծումը կարող է սաստկացնել լարվածությունը տարածաշրջանում և մեծացնել Իսրայելի հետ հակամարտության վտանգը,- ասել է աղբյուրը։- Հաշվի առնելով Սիրիայում թշնամական ռազմական ներկայությունը կանխելու Իսրայելի շարունակական ջանքերը, Թուրքիայի ցանկացած նշանակալի ռազմական ներկայություն, հատկապես ռազմավարական այնպիսի վայրերում, ինչպիսին է Պալմիրան, կարող է ընկալվել որպես սպառնալիք Իսրայելի անվտանգության շահերին»:
Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ թեև Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ բախման հավանականությունն այս պահին ցածր է, սակայն իրավիճակը առանց այն էլ խիստ անկայուն տարածաշրջանում կարող է փոխվել։
Այս շաբաթվա սկզբին Իսրայելը հրթիռակոծել է այդ բազաներից մի քանիսը, ասել է նա:
«Իսրայելը վերջերս ավիահարվածներ է հասցրել տարածաշրջանի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Պալմիրայի մոտ գտնվող T-4 ավիաբազային: Թեև իսրայելական և թուրքական ուժերի միջև դեռևս ուղիղ բախումներ չեն եղել, սակայն իրավիճակը մնում է բարդ և մանրակրկիտ հսկողություն է պահանջում»,- ասել է նա:
«Օդային հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ Իսրայելի օդային հետախուզական խումբը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզական ստորաբաժանումը, վերջին ժամանակահատվածում հետևել է կենտրոնական Սիրիայի երկու ռազմական օբյեկտներում առկա սպառազինությանը և ռազմավարական այլ հնարավորություններին»,- ասվում է հրապարակման մեջ:
Արդյունքում զգալի վնաս է հասցվել, ոչնչացվել են միջոցներ, որոնք թույլ են տալիս Իսրայելին պահպանել օդային գերակայությունը տարածաշրջանում, գրում է լրատվամիջոցը։
Թուրքիան ռազմաբազայի կառուցում է սկսում Սիրիայի հյուսիսում, հայտնում է սիրիական North Press լրատվականը։
«Թուրքական զորքերը սկսել են հսկայական բետոնե սալեր և նյութատեխնիկական միջոցներ տեղափոխել խոշոր մեքենաների միջոցով Մենաղ ռազմական ավիաբազա, որը գտնվում է Ազազից մոտ վեց կիլոմետր հարավ՝ հակաօդային պաշտպանության կենտրոն ստեղծելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Հաղորդվում է, որ Թուրքիան ցանկանում է ավիաբազան վերածել «լիարժեք գործող հակաօդային պաշտպանության բազայի, ներառյալ ուղղաթիռների հարթակների վերակառուցումը, որպես Հյուսիսային Սիրիայում իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու ջանքերի մի մաս»:
Տեղեկություններ կան նաև, որ Թուրքիան բազա է կառուցում Սիրիայի հյուսիսարևմուտքում՝ Մանբիջ քաղաքի մոտ։



























