Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլեւս պարտադիր չէ եւ ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե` ոչ:
Այս առնչությամբ, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի եւ վարորդների համար: Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ`
1. Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է,
2. ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 եւ տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ,
3. առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:
Վերոգրյալից ելնելով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագրեր»:




























