Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ այսօր Նիժնի Նովգորոդի դատարանի առջեւ պատասխան կտան իրենց հայրենակցի հանդեպ գործած հանցանքի համար:
Հետաքննության տվյալներով` 2011թ. հուլիսի 3-ին 29-37 տարեկան երեք չարագործներ նրանցից մեկին պատկանող ՎԱԶ 21 140 ավտոմեքենայով Հայաստանի 24-ամյա բնակչին տարել են Կանաչ քաղաքի անտառային հատվածներից մեկը:
Այնտեղ, ծեծելով եւ կապկպելով տուժածին, նրան հասցրել են Ավտոգործարանի տարածք, որտեղ, գլխին հագցնելով կտորե պարկ, գցել են անծանոթ տան նկուղ եւ այնտեղ պահել տեւական ժամանակ: Նկուղում նրանք շարունակել են ծեծը` ընթացքում սպանելու սպառնալիքներ տեղալով: Այնուհետեւ տուժածին ժամը 14-ի սահմաններում տարել են Իլյիչի պողոտայում գտնվող բնակարան, որտեղ նա մնացել է մինչեւ իրավապահ մարմինների ժամանումը: Ոստիկանություն է դիմել տուժածի քաղաքացիական կնոջ ընկերուհին, գրում է newsroom24.ru-ն:
Տուժածը նախկինում մեղադրյալներից մեկի բարում բարմեն է աշխատել եւ իբրեւ թե պարտք է մնացել, ինչն էլ հանցանքի դրդապատճառ է դարձել:




























