Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ եւ ծանոթացել 2011թ. ընթացքում կադաստրի համակարգում կատարված աշխատանքներին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը

Ծանոթացել է նաեւ այս տարի իրականացված բարեփոխումներին եւ 2012թ. նախատեսված ծրագրերին: Նշվել է, որ բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման հնարավորինս բացառմանը եւ հետեւաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նախագահին զեկուցվել է, որ այդ նպատակով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ եւ այլն) տրամադրումը քաղաքացիներին: Կվերացվի նաեւ դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը: էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց: Իրականացված աշխատանքների արդյունքում, համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի նաեւ դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետեւել իրենց դիմումի քննարկման ընթացքին: Ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացվեն բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից, կվերանա նաեւ անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանալու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Նախագահն այսօր այցելել է նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն: Այստեղ եւս Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները եւ զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել եւ շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երեւանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ եւ 40 դիտարկման տեսախցիկ՝ մայրաքաղաքի 10 խաչմերուկում: Ծրագիրն իրականացնող ընկերության կողմից ՀՀ ոստիկանությանն են տրամադրվել մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկներ:

Նշվել է, որ հետագա 6 տարիների ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երեւան քաղաքում եւ միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ եւ 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:

Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմե ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազար 562 եվրոյի  ներդրումների իրականացումը:

Ճանապարհային երթեւեկության նկատմամբ վերահսկողության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված եւ նախատեսվող աշխատանքներին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր եւ հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար: Որպես սկիզբ` Նախագահը կարեւորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչն զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթեւեկության խախտումների նվազեցմանը: