ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ Չինաստանի հետ նրա սերտ դաշինքը խզելու համար, սակայն նման ռազմավարությունը կարող է դատապարտվել ձախողման, ասում է ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին գրող ամենահայտնի արևմտյան փորձագետներից մեկը՝ Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնեշիուսը:
Իգնեշիուսը Թրամփի որդեգրած մարտավարությունը բնութագրում է իբրև «Քիսինջերի հակառակ» (Reverse Kissinger) մարտավարություն։
1970-ականներին ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հենրի Քիսինջերը սկսեց զարգացնել Վաշինգտոնի կապերը Չինաստանի հետ՝ խաթարելու համար նրա համագործակցությունը Խորհրդային Միության հետ: Հիմա Թրամփը փորձում է նույն հնարքն անել, բայց արդեն Ռուսաստանի հետ, կարծում է փորձագետը։
«Նա կարծես համոզված է, որ նոր հզորացած Միացյալ Նահանգները կարող է պոկել Ռուսաստանը Չինաստանից և դառնալ միջնորդ Մոսկվայի և Պեկինի միջև»,-ասում է Իգնեշիուսը: Նրա համոզմամբ՝ Մոսկվային ուկրաինական խաղաղության համաձայնագրում գործընկեր դարձնելով, Թրամփը ստեղծում է ազդեցության երեք գոտի, և ԱՄՆ-ը հավասարակշռող ուժ կլինի Ռուսաստանի և Չինաստանի միջև։
Փորձագետն այս միտքը համարում է «խորապես սխալ»՝ առաջին հերթին այն պատճառով, որ Թրամփը, իր համոզմամբ, թերագնահատում է, թե որքան սերտ հարաբերություններ են հաստատվել Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև։
Նա կարծում է, որ և՛ Մոսկվան, և՛ Պեկինը կփորձեն Թրամփի հետ խաղը խաղալ իրենց շահերից ելնելով։
«Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները կարող է հսկայական վնաս հասցնել Եվրոպայում և Ասիայում իր դաշնակիցներին, քանի որ այժմ այնտեղի պետությունները կասկածի տակ են դնում Ռուսաստանի և Չինաստանի իշխանությանը զսպելու Ամերիկայի ցանկությունը»,-եզրափակում է Իգնեշիուսը:





























