Մեքսիկայի կառավարությունը մտադիր է ավելացնել բնական գազի ներքին արդյունահանումը, որպեսզի նվազեցնի այդ վառելիքի հարցում ԱՄՆ-ից իր կրիտիկական կախվածությունը: Երկրի՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարինն տրամադրված ղեկավարությունն այժմ կարող է հանել թերթաքարային գազի արդյունահանման խիստ սահմանափակումները, հաղորդել է Financial Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Մեքսիկայում սպառվող բնական գազի մոտ 70 տոկոսը գալիս է ԱՄՆ-ից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անկանխատեսելի եւ ագրեսիվ առեւտրային քաղաքականությունը, ըստ մեքսիկացի պաշտոնյաների, կարող է հանգեցնել մատակարարումների կտրուկ սահմանափակման կամ գազի ներկրման արժեքի բարձրացման։

Միեւնույն ժամանակ, Մեքսիկան ունի թերթաքարային գազի վեցերորդ ամենամեծ պաշարներն աշխարհում, որոնք զարգացման դեպքում կարող են ապահովել վառելիքի ավելի մեծ անկախություն: Նախորդ կառավարությունները խիստ սահմանափակումներ են մտցրել այդ գազի արդյունահանման վրա, որը պահանջում է շերտի հիդրավլիկ ճեղքման կիրառում, տեխնոլոգիա, որը խիստ քննադատության է ենթարկվում բնապահպանների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասի պատճառով: Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես աջակցել է սահմանափակումներին, սակայն նրա դիրքորոշումն այժմ փոխվում է, նշել են հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարները:

Մեքսիկայի կառավարությունը վերլուծում է սահմանափակումների արագ վերացման եւ թերթաքարային գազի արդյունահանման ավելացման հնարավորությունները եւ սկսել է բանակցություններ նավթագազային ընկերությունների հետ այդ հարցի շուրջ։ Աղբյուրները նշել են, որ արտադրության սահմանափակումների վերացման գործընթացը կարող է ամիսներ տեւել, սակայն ձեռնարկությունները պատրաստ են ներդրումներ կատարել թերթաքարային նախագծերում։ Ինչպես նշել է FT-ն, նոր ձեռնարկությունների մեկնարկը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի պետական-մասնավոր համագործակցության մոդելի միջոցով: