Ավտոարտադրողները հազարավոր ավտոմեքենաներ են պահում ԱՄՆ նավահանգիստներում և ժամանակավորապես դադարեցնում են բեռնափոխադրումները, քանի որ փորձում են նվազագույնի հասցնել նախագահ Դոնալդ Թրամփի աճող առևտրային պատերազմի ազդեցությունը:
Վերջին օրերին որոշ արտադրողներ սկսել են հետաձգել իրենց արտադրանքի առաքումը Միացյալ Նահանգներ, Financial Times-ին հայտնել են լոգիստիկայի և ավտոմոբիլաշինության ոլորտների երեք ղեկավարներ:
Նրանցից մեկը նախազգուշացրել, որ ԱՄՆ նավահանգիստներում ներկրվող տրանսպորտային միջոցների կուտակումը կարող է «շատ խնդրահարույց» դառնալ, քանի որ նավահանգիստները մի քանի շաբաթվա ընթացքում «արագ կլցվեն», եթե ԱՄՆ-ի մաքսատուրքերը չթուլանան՝ միջոցների կիրառման խառնաշփոթության ֆոնին:
«Որոշ նավահանգիստներ մոտենում են կարողությունների սահմանաչափերին»,-ասել է լոգիստիկայի ոլորտի ղեկավարներից մեկը:
Որոշ ապրանքանիշեր, մասնավորապես՝ Audi-ն, Jaguar Land Rover-ն ու Aston Martin-ը, ապրիլին դադարեցրել կամ նվազագույնի են հասցրել մատակարարումները Միացյալ Նահանգներ, քանի որ հույս ունեն, որ իրենց ներկայիս պաշարներն այնտեղ կպահպանվեն կարճաժամկետ հեռանկարում:
Անցյալ շաբաթ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր սահմանեց բոլոր ներկրվող ավտոմեքենաների վրա, սակայն մայիսի 3-ից մաքսատուրքերը կտարածվեն նաև ավտոպահեստամասերի լայն շրջանակի վրա, թեև Մեքսիկայի և Կանադայի համար մասնակի բացառություններ են արվել։





























