Հայաստանում սկսվում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման գործընթացը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` բացելով ազատ տնտեսական գոտիների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հանձնաժողովն ընդունեց «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության հայտը` «Մարս» գործարանում եւ Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկայի գիտահետազոտական ինստիտուտում ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու մասին: Օրենսդրության համաձայն` էկոնոմիկայի նախարարությունը 20 օրյա ժամկետում կպատրաստի համապատասխան եզրակացություն եւ կներկայացնի կառավարության հաստատմանը:
Ըստ Տ. Դավթյանի` ազատ տնտեսական գոտիները նրա համար չեն, որ այլ ոլորտներից բիզնեսը տեղափոխվի «արտոնյալ դաշտ»: «Ուզում եմ փարատել այն մտահոգությունները, որ առկա բիզնեսները կտեղափոխվեն արտոնյալ գոտիներ: Դրանք հիմնականում ներգրավելու են օտարերկրյա ներդրումներ եւ ունենալու են արտահանման ուղղվածություն»,- ասաց Տ. Դավթյանը:
«Սիտրոնիքս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նախատեսում են ստեղծել եւ կառավարել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով հագեցած շուրջ 100 հազ. քառ մետր ընդհանուր տարածքով ազատ տնտեսական գոտի՝ ներդնելով մոտ 10 մլն դոլար: Ըստ Ա. Խաչատրյանի` հայաստանյան ազատ տնտեսական գոտին առանձնանում է Վրաստանի համանման գոտուց, քանի որ ընկերություններին կտրամադրի զարգացած ենթակառուցվածքներ` սկսած լուսավորումից, անվտանգության համակարգերից, վերջացրած կապով: Ա. Խաչատրյանի տեղեկացմամբ` Վրաստանում տարածքները տրամադրվում են առանց ենթակառուցվածքների` ընկերություններն իրենք ստիպված են զրոյից սկսել ենթակառուցվածքների ստեղծումը:




























