Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքին շղթայով հարվածած ենթասպա Արմեն Թովմասյանի մեղադրանքը կարող է խստացվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Ներկայումս քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը), սակայն փորձաքննության արդյունքները ստանալուց հետո մեղադրանքը կարող է խստացվել:
Ավելի վաղ` Հելսինկյան ասոցիացիայից NEWS.am-ին փոխանցել էին դեպքի մանրամասները, որ դիրքերից իջնելիս ենթասպա Արմեն Թովմասյանը, որը ճաշարանի աշխատակից է, ցանկացել է Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել է: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկին, ինչի արդյունքում վնասել է նրա աչքը: Ստացված հարվածից հետո Նարեկին տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց կանխավ զգուշացնելով, որ եթե հարցնեն, թե ինչ է պատահել, պատմի, թե բանալին վերեւից քցել են, որի արդյունքում այն ընկել է աչքին:
Հետո այդտեղից Նարեկին տեղափոխել են Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա, որտեղ էլ հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը: Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:
Դեպքը տեի էր ունեցել դեկտեմբերի 14-ին 10.30-11.00-ի սահմաններում, իսկ եԵնթասպային ձերբակալել էին դեկտեմբերի 17-ին եւ մեղադրանք էին առաջադրել:
Նարեկի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում արձագանքելով ձերբակալման փաստին, ասել էր. «4 օր անցավ նոր ձերբակալեցին: Հալալ լինի իրենց: Եթե մեկին մի հատ սիլլա տանք մեզ 10 րոպե հետո կալանքի կվերցնեն»: Անդրանիկ Ավետիսյանը նկատել էր, որ դեռ չգիտի Արմեն Թովմասյանի թիկունքում մարդիկ կա՞ն, թե` ոչ, բայց պայքարելու է այնքան, մինչեւ նա իր արժանի պատիժը կրի:




























