Ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի վերացման շուրջ բանակցություններում ԱՄՆ իշխանությունները մտադիր են օտար երկրներից պահանջել սահմանափակել առևտուրը Չինաստանի հետ։ Դրա մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«ԱՄՆ-ը մտադիր է մաքսատուրքերի շուրջ բանակցություններն օգտագործել Չինաստանին մեկուսացնելու համար,- գրում է պարբերականը։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ցանկանում է, որ առևտրային գործընկերները փոխադարձ մաքսատուրքերի զիջումների դիմաց սահմանափակեն Չինաստանի ներգրավվածությունը իրենց տնտեսություններում»:

Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ Սպիտակ տունը օտար երկրներից կպահանջի արգելել Չինաստանին ապրանքներ մատակարարել իրենց տարածքով, չինական ընկերություններին թույլ չտալ գրասենյակներ բացել այնտեղ և թույլ չտալ Չինաստանից էժան արդյունաբերական բաղադրիչների մուտքն իրենց շուկա: «Հստակ պահանջները կարող են զգալիորեն տարբերվել, նայած երկրի՝ հաշվի առնելով տվյալ երկրի տնտեսության մեջ Չինաստանի ներգրավվածությունը»,- գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

Նշվում է, որ ԱՄՆ վարչակազմում Չինաստանի վրա ճնշում գործադրելու գլխավոր ջատագովը ֆինանսների նախարար Բեսենթն է։ «Նրա առաջարկած միջոցներից մեկը չինական ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքի արգելումն էր ԱՄՆ ֆոնդային բորսաներում։ Միևնույն ժամանակ, Չինաստանի նկատմամբ վարչակազմի քաղաքականության վերջնական նպատակը դեռ հստակ չէ», -գրում է The Wall Street Journal-ը։