Չինաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ նրանք, ովքեր կշարունակեն խաղալ «Թայվանի խաղաքարտը»՝ միջամտելով Չինաստանի ներքին գործերին կամ նույնիսկ հավակնոտ ռազմական սադրանքներ կազմակերպեն, անխուսափելիորեն «անտանելի գին» կվճարեն, գրում է Xinhua-ն։

Չորեքշաբթի նման հայտարարություններ է արել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ մեկնաբանելով ճապոնական լրատվամիջոցների վերջին հաղորդագրությունը, ըստ որի Ճապոնիայի և ԱՄՆ-ի նախորդ համատեղ զորավարժությունները Թայվան կղզում վայրէջք կատարած չինական օդուժի ուղղությամբ օդային հարվածների սցենար էին ներառում։

Չինաստանը միշտ պնդել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև ռազմական համագործակցությունը չպետք է թիրախավորի որևէ երրորդ կողմի կամ խաթարի տարածաշրջանային խաղաղությունն ու զարգացումը, ընդգծել է նա։

Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, և թե ինչպես այն կլուծվի, կախված է չինացի ժողովրդից, հավելել է Չժան Սյաոգանգը։

«Ոչ ոք չպետք է թերագնահատի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր ամուր վճռականությունն ու կարողությունը»,-շեշտել է գերատեսչության խոսնակը։