Թերևս ժամանակն է վերանայել «հիպերմեքենա» հասկացությունը: Դրա պատճառը Top Gear ուղեգծի վրա նոր ռեկորդի սահմանումն է, որը հատուկ նախագծված է բարձր արագությամբ ամենադժվար անցման համար, գրում է Техкульт-ը։ Դա ավտոմեքենաներից բացառիկ արդյունավետություն է պահանջում, և McMurtry Spéirling-ը նորերս նշաձողը նոր մակարդակի բարձրացրեց:
Նախորդ ռեկորդն՝ ուղեգիծը 59 վայրկյանում անցնելու համար սահմանել էր Renault-ի փորձարկող վարորդ Հեյկի Կովալայնենը Renault R24 Formula 1 մեքենայով: McMurtry Spéirling-ի նոր ռեկորդը 55,9 վայրկյան է: Էլեկտրական ավտոմեքենան վարում էր Top Gear-ի նշանավոր «Սթիգը»՝ մգեցված սաղավարտով առեղծվածային մրցարշավորդը։
Նոր ռեկորդ սահմանելը հնարավոր է դարձել էլեկտրական ավտոմեքենաների տեխնոլոգիայի վերջին առաջընթացի շնորհիվ: Քանի որ McMurtry Spéirling-ը հատուկ նախագծված էր մրցարշավների համար, դրա ստեղծողները յուրօրինակ լուծում են գտել բարձր արագությամբ ոլորաններ մտնելիս շրջվելու խնդրին: Հիպերքարի ստորին հատվածը հագեցած է երկու հզոր օդափոխիչներով, որոնք օդը դուրս են մղում դրա տակից: Սա ստեղծում է մոտ 1800 կգ պրկման ուժ, որը բառացիորեն սեղմում է մեքենան ասֆալտին և հնարավորություն է տալիս պահպանել կայունությունն ու նույնիսկ գլխիվայր ընթանալ:





























