Հայաստանում օղու եւ օղու-լիկյորի արտադրությունը 2011 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.3 %-ով: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Արտադրվել է 7.28 մլն լիտր օղի, նախորդ տարվա 9.1 մլն լիտրի համեմատ:

Ի տարբերություն օղու` ալկոհոլային խմիչքների մյուս տեսակների արտադրությունն աճ է արձանագրել: Այսպես` կոնյակի արտադրությունը 11 ամսում 13.1 մլն լիտր է (աճը` 16.3 %), գինունը` 5.1 մլն լիտր (աճը`5.2 %), գարեջրինը` 14 մլն լիտր (նվազել է 4.8 %-ով):

Նշենք, որ առողջապահության միջազգային կազմակերպության 2011 թ. սկզբներին հրապարակված զեկույցի համաձայն` հայաստանցիները 1 շնչի հաշվով տարեկան օգտագործում են 11.4 լիտր մաքուր սպիրտ` տարբեր խմիչքների միջոցով: Աշխարհում միջին ցուցանիշը 6.1 է, իսկ առաջին տեղում Մոլդովան է` 18.2 լիտր: Ռուսաստանն այդ ցուցանիշով չորրորդ տեղում է` 15.6 լիտր:

Վերջին տարիներին Հայաստանում աճում է գարեջրի, գինու ու կոնյակի օգտագործումը, նվազում` օղունը, պայմանավորված հիմնականում բարձրորակ օղիների արտադրության բացակայությամբ: