Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor-ը հայտարարել է, որ ուսումնասիրում է հիմնական պահեստամասերի մատակարար Toyota Industries-ի գնման հնարավորությունը, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է արժենալ 42 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters-ը։
«Ներկայումս ուսումնասիրում ենք տարբեր տարբերակներ, այդ թվում՝ մասնակի ներդրումները», - ասվում է ավտոարտադրողի հայտարարության մեջ։
Իր հերթին, Bloomberg-ը ուրբաթ օրը հաղորդել է, որ Toyota-ի նախագահ Ակիո Տոյոդան և նրա հիմնադիր ընտանիքը առաջարկել են ձեռք բերել Toyota Industries-ը հնարավոր 6 տրիլիոն իենի (42 միլիարդ դոլար) դիմաց։
Toyota Industries-ը, որի շուկայական արժեքը 4 տրիլիոն իեն է, հայտարարության մեջ նշել է, որ հատուկ նշանակության կազմակերպության միջոցով ստացել է մասնավոր սեփականություն դառնալու առաջարկներ, սակայն հերքել է Toyota-ի նախագահի կամ Toyota խմբի կողմից գնման առաջարկ ստանալու փաստը։
Հարցին ծանոթ երկու աղբյուր հայտնել է, որ Toyota Industries-ը քննարկում է Toyota-ի և դրա խմբային ընկերությունների, ինչպես նաև խոշոր բանկերի հետ կապ հաստատելու հնարավորությունը բաժնետոմսերի գնումը ֆինանսավորելու համար։ Նրանք նաև հայտնել են, որ առաջարկը չի եղել Ակիո Տոյոդայի կամ Toyota խմբի կողմից։
Աղբյուրները նշել են, որ եթե Toyota Industries-ը դառնա մասնավոր սեփականություն, դա կնպաստի Toyota խմբի կորպորատիվ կառավարման բարելավմանը, քանի որ կվերանա բաժնետոմսերի խաչաձև տիրապետումը։ Ե՛վ Toyota-ն, և՛ Toyota Industries-ը հայտարարություններում նշել են, որ դեռևս որոշում չի կայացվել։
Անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ Toyota-ն տիրապետում էր Toyota Industries-ի բաժնետոմսերի 24%-ին, այն դեպքում, որ Toyota Industries-ը տիրապետում էր Toyota-ի բաժնետոմսերի 9.07%-ին և Denso-ի՝ Toyota-ի մեկ այլ կարևոր մատակարարի 5.41%-ին։ Toyota Industries-ը ենթարկվում է բաժնետերերի աճող ճնշմանը, որոնք պարտադրում են նրան հրաժարվել բաժնետոմսերի փաթեթների խաչաձև տիրապետումից՝ բաժնետերերի եկամտաբերությունը բարձրացնելու և ներդրումներ կատարելու նպատակով։





























