ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար ռուս-ուկրաինական հակամարտությանը երկարաժամկետ լուծում գտնել, որը հակամարտության երկու կողմերից շաբաթական 5000 մարդու մահվան չի հանգեցնի, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։

Երբ Վենսին հարցրել են՝ որ փուլում են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները, նա պատասխանել է, որ «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության լուծման առաջին և անհրաժեշտ քայլը նրանցից յուրաքանչյուրին ստիպելն է, որ հանդես գան խաղաղության առաջարկով»։

«Եվ դա իրականում տեղի ունեցավ։ Ուկրաինացիներն ասացին. «Սա հենց մեր ուզածն է»։ Ռուսներն ասացին. «Սա հենց մեր ուզածն է», և հիմա դիվանագիտության գործն է փորձել ինչ-որ կերպ մերձեցնել երկու կողմերին։ Որովհետև ռուսների և ուկրաինացիների ցանկությունների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Նա նշել է, որ Եվրոպայում շատերը կասեն, որ միշտ չէ, որ համաձայն են Դոնալդ Թրամփի հայտարարությունների և գործողությունների հետ, բայց նախագահը միակ մարդն է, որն ի զորու է երկու կողմերից էլխաղաղության համաձայնագիր ստանալ։

«Որովհետև այս տղաները նույնիսկ չէին խոսում՝ ո՛չ միմյանց, ո՛չ էլ որևէ մեկի հետ։ Նրանք պարզապես վիճում էին։ Այսքան բան։ Եվ այսպես, մենք առաջին քայլն ենք արել։ Մենք խաղաղության առաջարկ ենք պատրաստել և այն ներկայացրել, և մենք առաջիկա 100 օրվա ընթացքում տքնաջան աշխատելու ենք՝ այդ տղաներին միավորելու համար», - հավելել է Վենսը։