Հնդկաստանի իշխանությունները երկրում արգելափակել են Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի YouTube-յան ալիքի հասանելիությունը։ «Այս տեսանյութը հասանելի չէ ձեր երկրում՝ ազգային անվտանգության կամ հասարակական կարգին առնչվող կառավարության հրամանների պատճառով»,-հայտնել է YouTube-ը՝ փորձելով բացել Պակիստանի վարչապետի էջը։

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանություններն արգելափակել էին Պակիստանի կառավարության, երկրի պաշտպանության նախարարի X հաշիվը և 16 պակիստանյան YouTube ալիքներ՝ ապրիլի 22-ին Փահալգամում (Ջամմուի և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածք) տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո հարավասիական երկրի, նրա զինված ուժերի և անվտանգության մարմինների մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար։

Արգելափակված ալիքների, դրանց թվում՝ Dawn News-ի, Samaa TV-ի, Ary News-ի, Geo News-ի, ընդհանուր լսարանը կազմում է ավելի քան 63 միլիոն մարդ։ Դրանց արգելափակումը իրականացվել է Հնդկաստանի Ներքին գործերի նախարարության առաջարկության հիման վրա, որը բացահյատել է, որ դրանք Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո տարածում էին «սադրիչ բովանդակություն, ինչպես նաև կեղծ և մոլորեցնող նյութեր և ապատեղեկատվություն Հնդկաստանի, նրա բանակի և անվտանգության մարմինների դեմ»։