Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնում իր վերջին հրապարակային ելույթում միասնական և խաղաղ Եվրոպա ունենալու կոչ է արել, հաղորդում է dpa գործակալությունը։

ԳՖՀ պաշտոնը լքող կանցլերը ելույթ է ունեցել Համբուրգի Նոյենգամմե հուշահամալիրում՝ Եվրոպայում պատերազմի ավարտի և համակենտրոնացման ճամբարների ազատագրման 80-ամյակին նվիրված հիշատակի արարողության ժամանակ։

Իր ուղերձը Շոլցը կապել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի և ամբողջ աշխարհում ավտորիտար միտումների հետ։ Ըստ կանցլերի, Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում իր պատմության պատճառով։

«Գերմանացիների սանձազերծած պատերազմից, նացիստական ահաբեկչության ռեժիմից, միլիոնավոր անմեղ կանանց, երեխաների և տղամարդկանց սպանությունից քաղած կարևորագույն դասերից մեկը մեր խորը համոզմունքն է, որ մեր մայրցամաքը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է մեկընդմիշտ մեր ժողովուրդների միջև պատերազմները թողնենք անցյալում», - հայտարարել է Շոլցը։

Առավել ևս ողբերգական է, շարունակել է նա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին պատերազմ բերեց Եվրոպա»։

Սպասվում է, որ մայիսի 5-ին պաշտոնապես կստորագրվի կոալիցիոն համաձայնագիր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) և Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի միջև։ Հաջորդ օրը՝ մայիսի 6-ին, Բունդեսթագում տեղի կունենա քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի ընտրությունը Գերմանիայի նոր կանցլերի պաշտոնում։ Նույն օրը երդում կտան նրա կառավարության անդամները, հաղորդում է «Գերմանական ալիքը»։