Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությանը, որը մեղադրել էր Օրբանին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունն արգելափակելու մեջ։

Ինչպես հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն, Զելենսկին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում քննադատել է Օրբանին, որը, նրա խոսքով, «շատ վտանգավոր բաներ» է անում։

Ուկրաինայի նախագահի կարծիքով, Հունգարիայի վարչապետի՝ ուկրաինական եվրաինտեգրումն արգելափակելու գործողությունները կապված են Ուկրաինային 2026 թվականի սպասվող ընտրությունների ֆոնին ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելու հետ։

«Երեկ նախագահ Զելենսկին դիմել է հունգար ժողովրդին։ Պարո՛ն նախագահ։ Թե ինչ է մտածում հունգար ժողովուրդը, չեն որոշում Կիևի նախագահը կամ Բրյուսելի բյուրոկրատները», – պատասխանել է Օրբանը X սոցիալական ցանցում։

«Առանց Հունգարիայի  Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցություն չի լինի։ Հունգարացի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք կունենա այս հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու։ Դո՞ւր է գալիս դա ձեզ, թե՞ ոչ։ Մենք այստեղ այդպես ենք անում», – հավելել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարությունը և Եվրահանձնաժողովը հավակնոտ պլաններ էին փայփայում 2025 թվականին անդամակցության շուրջ բանակցությունների տեմպերի վերաբերյալ, սակայն ճանապարհին կանգնեց հունգարական վետոն։

Բուդապեշտը խորհրդատվական հարցում է կազմակերպել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ. Վիկտոր Օրբանն արդեն հրապարակայնորեն դեմ է քվեարկել։