ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտպանել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփին, որն ավելի վաղ հրապարակել էր Հռոմի պապի կերպարով արհեստական բանականության միջոցով ստեղծված իր պատկերը։
Մասնավորապես, Վենսը X սոցիալական ցանցում մեկնաբանել է The Bulwark պարբերականի խմբագիր Բիլ Քրիստոլի արտահայտությունը, որը գրել էր, թե ԱՄՆ փոխնախագահը «դեմ չէ Սուրբ Հոր հանդեպ անհարգալից վերաբերմունքին և ծաղրին»։
«Որպես կանոն, ինձ բավարարում է, երբ մարդիկ կատակում են, և չի բավարարում, երբ մարդիկ հիմար պատերազմներ են սկսում, որոնց հետևանքով զոհվում են հազարավոր իմ հայրենակիցներ», - պատասխանել է Վենսը։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը գրել էր, որ կաթոլիկ աշխարհը ԱՄՆ նախագահի՝ Հռոմի պապի կերպարով պատկերի հրապարակումն ընդունել է հիմնականում զարմանքով և վրդովմունքով։
Շատերին վրդովեցրել է այն փաստը, որ տվյալ քայլը ձեռնարկվել է Ֆրանցիսկոս պապի մահվան և Հռոմի նոր պապի առաջիկա ընտրությունների ֆոնին։





























