Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը շաբաթ օրը հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը՝ ամերիկյան զորքեր ուղարկել երկիր՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում օգնելու համար, հաղորդում է AFP-ն։
«Ես նրան ասացի. «Ո՛չ, նախագահ Թրամփ, մեր տարածքն անձեռնմխելի է, մեր ինքնիշխանությունն անձեռնմխելի է, մեր ինքնիշխանությունը չի վաճառվում»,- պատմել է նա հանրային միջոցառման ժամանակ՝ մեկնաբանելով The Wall Street Journal պարբերականի վերջին տեղեկությունը, որտեղ նկարագրվում էր առաջնորդների միջև կարծիքների լարված փոխանակումը։
Ըստ Շեյնբաումի, վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հարցրել է, թե ինչպես կարող է օգնել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, և առաջարկել է զորքեր ուղարկել։ Ինքը հրաժարվել է՝ հայտարարելով, որ «մենք երբեք չենք համաձայնի Միացյալ Նահանգների բանակի ներկայությանը մեր տարածքում»։
Շեյնբաումը նշել է, որ առաջարկել է համագործակցել, այդ թվում՝ տեղեկատվության ավելի լայն փոխանակման միջոցով։
Ինքը՝ Թրամփը, անցյալ շաբաթ The Blaze պահպանողական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն առաջարկել է Մեքսիկային օգնություն թմրակարտելների դեմ պայքարում, բայց իրեն մերժել են։
ԱՄՆ նախագահը բազմիցս բողոքել է թմրանյութերի անդրսահմանային մաքսանենգությունից և ճնշում է գործադրել Մեքսիկայի վրա, որպեսզի վերջինս վերջ տա հանցավոր կարտելներին։ Թրամփը զայրացրել է մեքսիկացիներին մարտի սկզբին, երբ հայտարարել է, որ Ամերիկայի հարավային հարևանը «ամբողջությամբ գտնվում է հանցավոր կարտելների իշխանության տակ, որոնք սպանում, բռնաբարում, խոշտանգում և տոտալ վերահսկողություն են իրականացնում... լուրջ սպառնալիք ստեղծելով (ԱՄՆ) ազգային անվտանգության համար»։
Թրամփը նաև վաղուց բողոքում էր - և դա որպես փաստարկ է օգտագործում երկրի նկատմամբ սակագներ սահմանելու համար - այն բանի համար, որ Մեքսիկան բավարար ջանքեր չի գործադրել՝ դադարեցնելու միգրանտների և թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի, անօրինական ներթափանցումը Միացյալ Նահանգներ





























