ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի սոցցանցերի միջոցով հայտնել է, որ մտադիր է փրկել իր կարծիքով մահացող ամերիկյան կինոարդյունաբերությունը՝ սահմանելով 100 տոկոս մաքսատուրք արտասահմանյան ֆիլմերի վրա եւ վերաբացելով հայտնի Ալկատրաս բանտը, որն ավելի քան 60 տարի ծառայել է որպես ֆիլմերի նկարահանման հրապարակ եւ այժմ զբոսաշրջային տեսարժան վայր է։

Կինոյի մասին իր Truth Social  սոցցանցում կատարած գրառման մեջ Դոնալդ Թրամփը նշել է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունը «մահանում է շատ արագ մահով», որովհետեւ այլ երկրներ փորձում են ամեն կերպ գայթակղել մարդկանց եւ ստուդիաներին դեպի իրենց կողմը:

«Հոլիվուդը եւ ԱՄՆ շատ այլ շրջաններ ամայանում են։ Դա այլ երկրների համակարգված գործողությունն է, ուստի դա սպառնալիք է ազգային անվտանգությանը»,- գրել է Թրամփը եւ հայտնել, որ հանձնարարում է առեւտրի նախարարության եւ ԱՄն առեւտրի ներկայացուցչությանը «անհապաղ սկսել 100 տոկոսանոց մաքսատուրքեր մտցնելու գործընթացը» արտասահմանյան բոլոր ֆիլմերի նկատմամբ։

Վերլուծաբանների տվյալներով՝ աշխարհում կինոարտադրության ծախսերի եւ դրամարկղային եկամուտների ԱՄՆ մասնաբաժինը իսկապես նվազում է, սակայն ԱՄՆ-ը դեռեւս մնում է անվիճելի առաջատարն այս շուկայում։

Մեկ այլ գրառման մեջ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ որոշել է նորից բացել եւ ընդլայնել հանրահայտ բանտը Ալկատրաս կղզում, Սան Ֆրանցիսկոյի ծովախորշում։ Այն փակել են 62 տարի առաջ։

Ըստ Թրամփի մտահղացման՝ այդ բանտում կպահվեն ամենավտանգավոր հանցագործները, եւ այն կդառնա «օրենքի, կարգուկանոնի եւ արդարադատության խորհրդանիշը»։

Ալկատրասի բանտը եղել է ծովային ամրոց: 20-րդ դարի սկզբին բերդը վերածվել է ռազմական բանտի։ Այնուհետեւ, 1930-ականներին, բանտը անցել է քաղաքացիական՝ արդարադատության նախարարության վերահսկողության տակ։ Օրինակ, այստեղ է նստած եղել հայտնի գանգստեր Ալ Կապոնեն։

Ալկատրասի բանտի փակվելուց հետո Ալկատրասում եւ նրա մասին նկարահանել են մի քանի գեղարվեստական ֆիլմեր, իսկ այժմ այն ծառայում է որպես զբոսաշրջային տեսարժան վայր։

Բանտը փակել են այն պատճառով, որ այն խիստ թանկ էր պահելու համար. բանտերի դաշնային բյուրոյի կայքում նշված է, որ Ալկատրասը երեք անգամ ավելի թանկ էր նստում, քան այլ դաշնային բանտերը։