Նրանք նախ համախմբվեցին Սիքստինյան Կապելլային մերձակա Պողոսյան մատուռում, որտեղ անձնատուր եղան նախ առանձին լռելյայն աղոթքին, ապա կարդինալների ավագերեց և ժողովը նախագահող կարդինալը` Պիետրո Պարոլինը հայտարարեց, թե այժմ պիտի մուտք գործեն «կոնկլավ», ապա աղոթք բարձրացրեց առ Աստված՝ հայցելով Սուրբ Հոգիու շնորհքը, որպեսզի արժանի Հովիվ ընտրի իր Հոտի համար։ 

2025-ի մարտի 7-ի կեսօրից հետո՝ 16:30-ին, Հռոմի Սուրբ Եկեղեցու կարդինալները, Քահանայապետ ընտրելու իրավունք ունեցող 133 Կարդինալները՝ իրենց պաշտոնական տարազներով, թափորով մուտք գործեցին Վատիկանի Սիքստինյան Կապելլա, որտեղ նախատեսված է նրանց պապընտիր դռնփակ ժողովը՝ Կոնկլավը։

133 կարդինալները ներկայացնում են աշխարհի բոլոր մայրցամաքները՝ որոնցից 17-ն աֆրիկացի են և եկել են աֆրիկյան 16 երկրից, 37-ը՝ Ամերիկայից՝ ԱՄՆ 15 նահանգից, Ասիայի կարդինալները 23-են՝ 17 երկրից, Եվրոպայի 52 կարդինալները՝ 18 երկրից, ինչ նաև Օվկիանիայի չորս կարդինալ՝ մայրցամաք չորս տարբեր երկրից:

«Թող Տերն առաջնորդի մեր քայլերը ճշմարտության մեջ»,- ասաց կարդինալ Պարոլինը՝ հայցելով Սուրբ Կույս Մարիամի և բոլոր սրբերի բարեխոսությունը, որից հետո սկիզբ առավ երթը լիթանիայի ընթերցմամբ, մինչ կարդինալները հերթականությամբ շարժվեցին Պողոսյան մատուռից դեպի Սիքստինյան Կապելլա՝ Universi Dominici Gregis առաքելական կանոնադրությամբ նախատեսված հատուկ հերթականությամբ. նախ՝ սարկավագական կարգի կարդինալները, ապա՝ քահանայական կարգի կարդինալները, ապա՝ եպիսկոպոսական կարգի կարդինալները, մինչև որ երթը փակեց Քահանայապետական ​​ծիսական արարողությունների արարողապետը՝ Գերապայծառ Դիեգո Ռավելլին։

Սիքստինյան Կապելլա մտնելուց հետո յուրաքանչյուր կարդինալ գրավեց իրեն վերապահված աթոռը, և լիթանիայի երգեցողությունից հետո երգվեց «Եկ, Սուրբ Հոգի» շարականը, որից հետո տեղի ունեցավ ևս մեկ աղոթքի պահ, որից հետո տեղի ունեցավ հավատարմության և գաղտնիության երդման արարողությունը, ընթերցելով երդման բանաձևը՝ յուրաքանչյուր կարդինալ իր անունը տալով հաստատեց. «Խոստանում եմ, պարտավորվում եմ, երդվում եմ»՝ ձեռքը դնելով Ավետարանի վրա։ Նրանցից առաջինը կարդինալ Պիետրո Պարոլինն էր, որին հաջորդեցին եպիսկոպոսական կարգի կարդինալները, ապա՝ քահանայական կարգի կարդինալները, և վերջապես՝ սարկավագական կարգի կարդինալները։

Վերջին կարդինալի երդման ավարտին Քահանայապետական ծիսական արարողությունների արարողապետը՝ Գերապայծառ Ռավելլին, բոլոր ներկաներին դուրս հրավիրեց, բացի ընտրող կարդինալներից և կարդինալ Կանտալամեսսայից՝ արտասանելով «extra omnes»` «Բոլորդ Դուրս» բանաձևը, և փակեց Սիքստինյան Կապելլայի կենտրոնական դուռը:

Այնուհետև Գերապայծառ Ռավելլին ու ութսունն անց կարդինալ Կանտալամեսսան, դուրս եկան կապելլայից՝ վերջինիս ներկայացրած երկրորդ քարոզ-հորդորից հետո, և ներսում մնացին միայն Քահանայապետ ընտրելու իրավունք ունեցող 133 կարդինալները՝ սկսելով պապընտիր դռնփակ ժողովի այսօր նախատեսված միայն մեկ քվեարկությունը։

Ռոպէր Աթթարեան, Վատիկան