Koenigsegg-ը կրկին զարմացրեց մոտոսպորտի աշխարհին` ցուցադրելով Jesko Absolut հիպերմեքենայի հնարավորությունները: Ըստ ապրանքանիշի հիմնադիր Քրիստիան ֆոն Քյոնիգսեգգի՝ մեքենան ռեկորդ է սահմանել կես մղոն հեռավորության համար, որը մոտավորապես 800 մետր է, հաղորդում է motor.ru-ն։ Երբ Jesko Absolut-ը հասավ վերջնագծին, այն արդեն զարգացրել էր ժամում 359.83 կիլոմետր արագություն, ինչը այն դարձրեց այս հատվածում ամենաարագ սերիական մեքենան։

Այս մարզաձևում նախորդ ռեկորդակիրը ամերիկյան Hennessey Venom F5 հիպերմեքենան էր, որը ցույց էր տվել ժամում 357.11 կիլոմետր արագություն։ Jesko Absolut-ը այն գերազանցեց ժամում 2.72 կիլոմետրով։ Միաժամանակ, CarBuzz հրատարակությունը պարզաբանում է. մրցավազքն անցկացվել է միայն մեկ ուղղությամբ, և արձանագրության մեջ եղած տվյալները չեն հաստատվել անկախ փորձագետների կողմից։ Սակայն Jesko Absolut-ն արդեն իսկ հռչակի է արժանացել. 2023 թվականին այն դարձավ ամենաարագ մեքենան՝ լրիվ կանգառից մինչև ժամում 400 կիլոմետր արագություն զարգացնելով՝ այդ վարժությունն ավարտելով 27.83 վայրկյանում։