Չեխական Skoda ավտոարտադրողը, որի արմատները հասնում են Laurin & Klement ապրանքանիշի ներքո թողարկված հեծանիվներին ու մոտոցիկլներին, ներկայացրել է իր ֆուտուրիստական Slavia B մոտոցիկլի կոնցեպտը։
Մոտոցիկլի կոնցեպտը ստեղծել է ֆրանսիացի դիզայներ Ռոմեն Բուկայլը, որն աշխատում է Skoda Design-ում մեքենայի էքստերիերի դիզայնի վրա։
«Ես ուզում էի ինչ-որ յուրահատուկ բան ստեղծել և վերադառնալ բրենդի արմատներին։ Ես ամեն օր աշխատում եմ մեքենաների հետ, և քանի որ ես նաև սիրում եմ մոտոցիկլներ, նման մոդելի ստեղծումն ինձ համար իսկապես հաճելի փոփոխություն էր», - պատմում է Ռոմենն իր շարժառիթի մասին։
Չնայած էլեկտրական կառուցվածքին, կոնցեպտը պահպանել է Laurin & Klement-ի վաղ մոտոցիկլների շրջանակի բնորոշ ձևը, որի վրա ժամանակին տեղադրվում էր ներքին այրման շարժիչ։
Ֆուտուրիստական Slavia B-ն նաև արտացոլում է օրիգինալ մոդելի սպորտային ժառանգությունը։ Գործարանային մրցարշավորդ Նարցիս Պոդսեդնիչեկը հայտնի դարձավ նրանով, որ 1901 թվականին ավարտեց հյուծիչ Փարիզ-Բեռլին մրցավազքը՝ դառնալով տասը մոտոցիկլներից միակը, որը հասել էր եզրագծին, ընդ որում բոլորը Slavia B մոդելի էին։
«Ես ուզում էի այդ սպորտային որակներն արտացոլել իմ կոնցեպտում։ Նստատեղը նախագծված է այնպես, որ այն կարծես լողացող լինի՝ առանձնացված մոտոցիկլի կորպուսից։ Ես նաև վինտաժային շունչ եմ հաղորդել՝ շրջանակի մեջ ներկառուցելով գործիքների կաշվե պայուսակ, - այն ժամանակներում դա մրցումներում տոկունության համար անփոխարինելի առարկա էր», - բացատրեց դիզայները։
Ռոմենը վերջնական արդյունքը նկարագրում է որպես «ֆուտուրիստական քաֆե-ռեյսեր՝ ժամանակակից ամուր ոճով»։
Skoda-ի դիզայներական լեզուն հայտնի է իր պարզ, ամուր ձևերով, և ժամանակակից Slavia B-ն արտացոլում է դա մաքուր գծերով, սուր եզրերով և լուսարձակների վառ լուսավորությամբ, ինչը բրենդի ժամանակակից էսթետիկայի ևս մեկ տարբերիչ գիծ է։





























