Ռիադում բանակցություններ են ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի միջև՝ երկու երկրների պատվիրակությունների ներկայությամբ։ Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։

Հանդիպումը սկսվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի Ալ-Յամամա պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողությամբ։ ԱՄՆ նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին, որոնց թվում էին տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ։ Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են, մասնավորապես, գործարար Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը և Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը։

Ավելի վաղ Թրամփը ժամանել էր Սաուդյան Արաբիա՝ հունվարին պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր իր առաջին պետական ​​այցով։ Մերձավոր Արևելքի շրջագայության շրջանակներում ԱՄՆ նախագահը կայցելի նաև Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը կկենտրոնանա արաբական միապետությունների հետ ներդրումային համագործակցության ընդլայնման վրա, ինչպես նաև կանդրադառնա պաշտպանության և անվտանգության հարցերին, այդ թվում՝ Գազայի հատվածում, Եմենում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող հարցերին։