Համաշխարհային ազատ առևտուրը ճգնաժամի մեջ է, ըստ Associated Press-ի՝ երեքշաբթի Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղար Նգոզի Օկոնջո-Իվեալան։
Օկոնջո-Իվեալան Իսիբային հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Ճապոնիայի հետ՝ որպես բաց շուկաների կողմնակցի։
«Առևտուրն ներկայում շատ ծանր ժամանակներ է ապրում, և դա բավականին դժվար է։ Մենք պետք է փորձենք օգտագործել այս ճգնաժամը որպես հնարավորություն՝ մեր առջև ծառացած մարտահրավերները լուծելու և առևտրի նոր միտումներից օգտվելու համար», -շեշտել է նա։
Ըստ նրա՝ Ճապոնիան, որպես «բազմակողմ առևտրային համակարգի ջատագով», պետք է օգնի պահպանել, ամրապնդել և բարեփոխել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը։
Երեքշաբթի ավելի ուշ ԱՀԿ-ի ղեկավարը հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ։ Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ «անորոշության և խառնաշփոթի ժամանակներում բազմակողմ առևտրային համակարգի արժեքը անհերքելի է»։
Նույն հայտարարության մեջ Ճապոնիան նշել է, որ ներկայիս առևտրային ցնցումները «զգալի ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության և ամբողջ բազմակողմ առևտրային համակարգի վրա» և կոչ է արել խթանել ԱՀԿ բարեփոխումները, ներառյալ վեճերի կարգավորումը և համաձայնագրերի իրականացման մոնիթորինգը։





























