Նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել էր, որ ԱՄՆ-ը Պարսից ծոցը կանվանի «Արաբիայի ծոց» կամ «Արաբական ծոց» (Gulf of Arabia or the Arabian Gulf), սակայն հետագայում այդ պլանները փոխվել են, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, պատճառը Իրանի պաշտոնական անձանց հայտարարություններն են, որոնք հստակ հասկացրել են, որ կտրականապես դեմ են այդ քայլին։

Արաբական երկրներն արդեն վաղուց պնդում են, որ Պարսից ծոցը, որը գտնվում է Իրանի հարավային ափին, վերանվանվի իրենց երկրների անվանմանը համապատասխան, ընդգծել է CNN-ը։

Ավելի վաղ Associated Press տեղեկատվական գործակալությունը, հղում կատարելով կառավարության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Թրամփը մտադիր է վերանվանել Պարսից ծոցը Արաբականի։ Ընդ որում՝ նա պատրաստվում էր դա անել Սաուդյան Արաբիա այցի ժանմանակ։

Ավելի ուշ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Պարսից ծոցը միշտ կմնա Պարսից։