Այսօր առավոտյան, երբ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մամուլի ասուլիս էր հրավիրել մոտ 80 լրագրողների հետ, մի խումբ պաղեստինամետ ցուցարարներ շրջապատել են շենքը, որտեղ ընթանում էր հանդիպումը, նրանցից ոմանք փորձել են ներխուժել, հաղորդել է Times of Israel-ը՝ հղում կատարելով Սաարի գրասենյակին։

Սաարի մամուլի քարտուղարի հրապարակած լուսանկարում երեւում է, որ ցուցարարներից մեկը դրոշ է պահում արտաքին գործերի նախարարի պատկերով, որի վրա անգլերեն եւ ճապոներեն գրված է՝ «Պատերազմի հանցագործ»:

Սաարի գրասենյակի հրապարակած կադրերում երեւում է նաեւ, թե ինչպես են անվտանգության աշխատակիցներն ուղեկցում ցուցարարին, որը բղավում էր «ցեղասպանություն», երբ գտնվում էր շենքում: