ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի բիզնես կայսրությունը Սպիտակ տան բնակչի նախագահական ժամկետի առաջին ամսվա ընթացքում ստացել է առնվազն 2 միլիարդ դոլարի եկամուտ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ֆինանսական փաստաթղթերն և աղբյուրները։
Ինչպես նշում է պարբերականը, հիմնական եկամուտը կապված է կրիպտոարժույթային նախագծերում, անշարժ գույքում և ակումբային բացառիկ նախաձեռնություններում արտասահմանյան ներդրումների հետ։ Դոնալդ Թրամփ կրտսերի ղեկավարած TRUMP կրիպտոարժույթի թողարկումն ապահովել է առնվազն 174 միլիոն դոլար եկամուտ։ Բացի դրանից, Արաբական Միացյալ Էմիրությունները 2 միլիարդ դոլար է ներդրել World Liberty Financial կրիպտոնախագծում, որտեղ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։
The New York Times-ի տվյալներով՝ զգալի միջոցներ են ստացվում անշարժ գույքի գործարքներից։ Կատարն օգնում է ֆինանսավորել Թրամփի 5,5 միլիարդ դոլար արժողությամբ հանգստավայրը, իսկ պետական կապեր ունեցող սաուդյան մի ընկերություն 1 միլիարդ դոլար է ներդրել Դուբայի Trump International Hotel and Tower-ում։ Առանձին նշվում է Սերբիայի և Ջարեդ Քուշների (Թրամփի փեսայի) միջև կնքված համաձայնագիրը՝ նախկին Հարավսլավիայի պաշտպանության նախարարության շենքի տեղում հյուրանոց կառուցելու վերաբերյալ. նախագիծը գնահատվում է 1 միլիարդ դոլար։
Ինչպես նշում է The New York Times-ը՝ Սպիտակ տունը հերքում է շահերի բախման որևէ դեպք՝ պնդելով, որ բիզնեսն ամբողջությամբ վերահսկում են նախագահի որդիները։ Պարբերականը գրում է, որ գործող նախագահի ընտանիքի բիզնես կառույցներին հասնող եկամուտների ներկա ծավալներն աննախադեպ են ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ։





























