Միջազգային քրեական դատարանի (ICC) դատախազ Քարիմ Խանը վարչական արձակուրդ է մեկնում իր դեմ սեռական ոտնձգության մեղադրանքների գործով հետաքննության ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Խանի դեմ մեղադրանքներ են առաջադրվել 2024 թվականի հոկտեմբերին, որից հետո ՄՔԴ-ի ղեկավար մարմինը հետաքննություն է սկսել։ Մի շարք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ և Միջազգային քրեական դատարանի աշխատակիցներ կոչ են արել կասեցնել բրիտանացի փաստաբանի լիազորությունները մինչև հետաքննության ավարտը։ Սակայն դատախազը շարունակել է աշխատել՝ մերժելով բոլոր մեղադրանքները՝ որպես իրեն վարկաբեկելու փորձ։

Խանն իր վերջին ցուցմունքը տվել է ընթացիկ հետաքննության շրջանակներում անցյալ շաբաթ, հաղորդում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ դատախազի վարչական արձակուրդի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է արվի օրվա ընթացքում։

Այս տարվա փետրվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Խանին ներառեց պատժամիջոցների ցանկում՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արձակված հրամանագրի։ ԱՄՆ վարչակազմը ՄՔԴ-ին մեղադրել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների, ինչպիսին է Իսրայելը, նկատմամբ անօրինական գործողությունների մեջ։ Մասնավորապես, ԱՄՆ-ն կարծում է, որ դատարանը չարաշահել է իր լիազորությունները՝ անհիմն ձերբակալման օրդերներ տալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար։ Հրամանը թույլ է տալիս ֆինանսական և վիզային սահմանափակումներ սահմանել ՄՔԴ-ի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք ներգրավված են ամերիկացի քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների նկատմամբ հետաքննություններում։