Չնայած արևմտյան լրատվամիջոցների՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական ներուժի տեսանկյունից հավասարության նշան դնելու փորձերին, Իսլամաբադը բառացիորեն աղաչում էր ԱՄՆ-ի միջամտությանը, երբ մայիսի 10-ի առավոտյան Նյու Դելին հրթիռային հարված հասցրեց Պակիստանի կենտրոնում գտնվող Նուր Խան ավիաբազային, և տեղեկություններ կային Հնդկաստանի ՌԾՈՒ-ի կողմից Կարաչիի ռազմածովային նավահանգստի վրա նախապատրաստվող հարձակման մասին, գրում է Hindustan Times-ը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը որոշեց հետագա էսկալացիայի չդիմել Ռավալպինդիին հարվածելուց հետո պարզապես այն պատճառով, որ Պակիստանը չի կարող համեմատվել Հնդկաստանի հետ, նշում է հնդկական լրատվամիջոցը։
Պակիստանի կապիտուլյացիան ակնհայտ էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հուսահատ փորձերից՝ մայիսի 10-ի առավոտյան կապ հաստատել իր գործընկերներ Սուբրամանյամ Ջայշանկարի և Աջիթ Դովալի հետ։ Մինչ վաղ առավոտյան Նուր Խան ավիաբազան ենթարկվել էր հնդկական հրթիռների ուժեղ հարվածին, Պակիստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրեն (DGMO) Քաշիֆ Աբդուլլան նույն օրը առավոտյան ժամը 10:38-ին զանգահարել է իր հնդիկ գործընկերոջը՝ հայտարարելով, որ հետախուզական տվյալներ ունի Կարաչիի ռազմածովային նավահանգստի վրա «Բրահմոս» հրթիռով նախապատրաստվող հարվածի մասին։
«Թեև Պակիստանի պաշտպանության նախարարությունը փորձեց սպառնալ պատասխան հարվածով, հնդկական կողմը մնաց անվրդով և լիովին պատրաստ մարտի։ Հասկանալի է, որ երբ պետքարտուղար Ռուբիոն հայտնեց Պակիստանի պատրաստակամության մասին՝ համաձայնել հրադադարին, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը վճռական, բայց քաղաքավարի պատասխանեց, որ նման առաջարկը պետք է ստացվի Պաշտպանության նախարարության ուղիներով, քանի որ զինված ուժերն են ղեկավարում գործողությունները։ Հնդկաստանը, միևնույն ժամանակ, անտեսեց Պակիստանի արտաքին գործերի նախարարի և Իսլամաբադի ավանդական դաշնակիցների կոչերը, որոնք հորդորում էին դադարեցնել ռազմական գործողությունները», - գրում է լրատվամիջոցը։
Մինչ որոշ արևմտյան աղբյուրներ, այդ թվում՝ նրանք, որոնք առաջ էին մղվում Ֆրանսիայի պաշտոնական լրատվամիջոցների կողմից, փորձում էին չինական սպառազինությունը ներկայացնել որպես հնդկականից գերազանցող, իրականությունն այն է, որ Մոդիի կառավարությունը պատրաստ էր բարձրանալ էսկալացիայի սանդուղքով, եթե Պակիստանն ընտրեր այդ ուղին։
Հնդկաստանի վրա ոչ ոք ճնշում չէր գործադրում դեէսկալացիայի հասնելու նպատակով, առավել ևս, որ Պակիստանին գրեթե չէին մնացել կենսունակ ռազմական օբյեկտներ Ինդոսից արևելք՝ 11 ավիաբազաների ոչնչացումից և նրա հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի լիակատար չեզոքացումից հետո։ Մոդիի թիմը չէր պատրաստվում հարվածներ հասցնել Բելուջիստանին կամ Խայբեր Փախթունխվայի շրջանին, որտեղ գերակշռում են փուշթունները։ Իրականում, Հնդկաստանը նոր է սկսել. նրա առաքելության նպատակը՝ ոչնչացնել ահաբեկիչների ենթակառուցվածքները Պակիստանում, իրականացվել էր մայիսի 7-ի առավոտյան 25 րոպեի ընթացքում, ընդգծում է Hindustan Times-ը։





























