Չինաստանում խստացրել են պետական և կուսակցական ծառայողների վարքագծի նկատմամբ պահանջները, մասնավորապես, արգելելով աշխատանքային ճաշկերույթների ժամանակ նրբահամ ուտեստների և ալկոհոլի մատուցումը։ Որոշման տեքստը հրապարակվել է Պետխորհրդի պաշտոնական կայքում։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կենտրոնական կոմիտեն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետխորհուրդը որոշում են ընդունել կուսակցական և պետական հիմնարկներում խիստ տնտեսման և շռայլության դեմ պայքարի մասին։

Փաստաթղթում ընդհանուր առմամբ 63 կետ կա, որոնք նկարագրում են պաշտոնյաների վարքագծի կանոնները՝ կապված աշխատանքային ուղևորությունների, արտասահմանյան ծառայողական գործուղումների, պաշտոնական ընդունելությունների, ծառայողական տրանսպորտային միջոցների, խորհրդաժողովների և միջոցառումների անցկացման, գրասենյակային տարածքների և տնտեսման խնդրի հետ կապված այլ հարցերի հետ։

«Աշխատանքային ճաշկերույթների ժամանակ չպետք է մատուցվեն նրբահամ ուտեստներ, չպետք է տրամադրվի ծխախոտ, չպետք է մատուցվի ալկոհոլ»,- ասվում է կետերից մեկում։

Նոր կանոնները նաև մանրամասնորեն կանոնակարգում են պետական և կուսակցական աշխատողների վարքագիծը արտասահմանյան գործուղումների առնչությամբ։ Մասնավորապես, պաշտոնյաներին խստիվ արգելվել է առանց հստակ բովանդակության և նպատակի գործուղումների կազմակերպումը, ինչպես նաև «քողարկված զբոսաշրջության» ցանկացած ձև։

Գործուղման մեկնող պաշտոնյաներին արգելվել է ընդունող կողմին դիմել սովորական պաշտոնական միջոցառումների շրջանակներից դուրս եկող խնդրանքներով, ինչպես նաև ընդունել դրամական նվերներ, հուշանվերներ, տեղական նրբախորտիկներ։ Առանձին ընդգծվում է արտասահմանում մոլախաղերին մասնակցելու արգելքը։

Որոշման մեջ նկարագրվում են նաև Չինաստանում օտարերկրյա հյուրերի ընդունելության կանոնները։ Մասնավորապես, նշվում է, որ օտարերկրյա հյուրերի ընդունելությունն իրականացվում է դիվանագիտականության, բարեկամական հավասարության, պրագմատիզմի և խնայողության սկզբունքների հիման վրա։ Ընդունող կողմը, ինչպես ընդգծվում է փաստաթղթում, պետք է «խստորեն վերահսկի օտարերկրյա հյուրերի խմբերի ընդունելության ծախսերը»։

Ինչպես նշվում է ՉԺՀ Պետխորհրդի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, երկրի բոլոր մակարդակների և բոլոր տարածաշրջանների բոլոր վարչական մարմինները պետք է հիմնովին խթանեն մի մթնոլորտ, որտեղ շռայլությունը խայտառակություն է, իսկ տնտեսումը՝ արժանապատվություն և պատիվ։

Նոր կանոններն ուժի մեջ են մտել մայիսի 18-ին։