ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովը երաշխավորել է հաստատել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված բյուջետային ծախսերի կրճատման մասին օրինագիծը։ Քվեարկությունը, որի հեռարձակումն իրականացնում էր C-SPAN հեռուստաալիքը, տեղի է ունեցել կիրակի երեկոյան։

Օրինագծին կողմ է արտահայտվել 17 օրենսդիր, դեմ՝ 16, չորսը ձեռնպահ են մնացել։ Անցած ուրբաթ օրինագիծը չէր անցել համանման քվեարկությամբ, քանի որ դրան դեմ էին հանդես եկել Հանրապետական կուսակցությունից Թրամփի հինգ համակուսակիցները։ Այժմ օրինագիծը կներկայացվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը։

Փաստաթուղթը, որը Թրամփն անվանում է «միասնական, մեծ, գեղեցիկ օրինագիծ», նախատեսում է հարկերի և պետական ծախսերի զգալի կրճատում որոշ ոլորտներում։ Միևնույն ժամանակ, փաստաթուղթը ենթադրում է պաշտպանական ոլորտում ծախսերի ավելացում։ Բացի այդ, դրանում ներառված են միջոցառումներ սահմանային վերահսկողության խստացման ուղղությամբ, նաև նախատեսված է ծախսերի ավելացում այս ոլորտում։

Գործող վարչակազմի քննադատները, հիմնականում Դեմոկրատական կուսակցության շարքերից, կարծում են, որ օրինագծում շարադրված միջոցառումները կոչված են նվազեցնելու հարկերը առաջին հերթին բնակչության առավել ապահովված խավերի համար, ինչպես նաև սպառնում են ԱՄՆ միլիոնավոր բնակիչներին զրկել արտոնյալ բժշկական ապահովագրությունից։