Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Վրացական երազանքի» կառավարությանը փորձել է համոզել Միխեիլ Սաակաշվիլիի բանտարկությունը փոխարինել տնային կալանքով և էլեկտրոնային ապարանջանով, հաղորդում է Новости-Грузия-ն։

Սակայն, ըստ նրա, իշխանություններն անտեսել են այդ նախաձեռնությունը։

«Որպես մարդ, ես նախկինում էլ էի նրան կարեկցում, և քանի դեռ որոշակի հարաբերություններ ունեի կառավարության հետ, փորձում էի համոզել նրանց, որ որպես նախագահ, իրեն այլ կերպ վերաբերվեն և ազատ արձակեն ապարանջանով, ինչպես դա լինում է ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներում», -Formula հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Զուրաբիշվիլին։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Վրաստանի նախկին նախագահին ներում շնորհելը «ոչինչ չէր փոխի», քանի որ նրա դեմ դեռևս դատարանում չքննված գործեր կան։ «Նա մեկ օր անգամ չէր դուրս գա բանտից»,-ասել է Վրաստանի հինգերորդ նախագահը։

Բացի դրանից, ըստ Զուրաբիշվիլիի, Սաակաշվիլիի ներումն «անընդունելի էր՝ ելնելով նրա բարոյական դիրքորոշումից», քանի որ «երկրի բնակչության կեսը դեմ էր դրան»։

«Հետևաբար, կարեկցանքի մասին խոսք լինել չի կարող», -հավելել է նա։

Միխեիլ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին՝ իր երկրորդ նախագահական ժամկետն ավարտելուց հետո։ Դրանից հետո նրա դեմ հարուցվել է չորս քրեական գործ։ Ըստ դրանցից երկուսի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, նա հեռակա կարգով դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։

2025 թվականի մարտի 12-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական ​​միջոցներից ավելի քան 3,2 միլիոն ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ և դատապարտել ինը տարվա ազատազրկման։

Բացի դրանից, Սաակաշվիլին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2021 թվականին սահմանն անօրինական կերպով հատելու համար, երբ նա գաղտնի մուտք է գործել Վրաստան և ձերբակալվել։ Ընդհանուր առմամբ, նա դատապարվել է 12 տարվա 6 ամսվա ազատազրկման։

Դեռևս մեկ գործ կա քննության փուլում՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի հանրահավաքի ցրումը և «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակումը։

Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում կարծում են, որ եթե Զուրաբիշվիլին ներում շնորհեր նախկին նախագահին, դա կխանգարեր դատարանին կիրառել դատավճիռները գումարելու սկզբունքը։ Բացի դրանից, ըստ վերանշյալ կուսակցության ներկայացուցիչների, դա Զուրաբիշվիլիի կողմից իշխող կուսակցության գործողությունների հետ իր անհամաձայնության մասին հստակ քաղաքական ազդանշան կլիներ։

Բանտում երկարատև հացադուլից հետո Սաակաշվիլին 2022 թվականի մայիսին տեղափոխվել է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա ապաքինվում է առայսօր։