ԱՄն դաշնային դատավորը ուրբաթ Թրամփի վարչակազմին արգելել է Հարվարդի համալսարանի արտասահմանյան ուսանողների ընդունելությունը դադարեցնելու գործողությունը, որը Ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման՝ Բաղեղի լիգան (The Ivy League) որակեց որպես հակասահմանադրական պատասխան՝ Սպիտակ տան քաղաքականության պահանջները անտեսելու համար, հաղորդում է Associated Press-ը։
Բոստոնի դաշնային դատարանում ուրբաթ ներկայացված հայցում Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ կառավարության գործողությունները խախտում են Առաջին ուղղումը և Հարվարդի և ավելի քան 7000 վիզա ունեցողների համար «անհապաղ և կործանարար հետևանքներ կունենան»։
«Գրչի մեկ հարվածով կառավարությունը փորձեց ոչնչացնել Հարվարդի ուսանողության մեկ քառորդին՝ արտասահմանցի ուսանողներին, որոնք նշանակալի ներդրում ունեն համալսարանի և դրա առաքելության մեջ», -ասված է Հարվարդի դատական հայցում։ «Առանց արտասահմանցի ուսանողների Հարվարդը Հարվարդ չէ»։
Ժամանակավոր արգելող որոշումն ընդունել է շրջանային դատավոր Ալիսոն Բարոուզը։ Հարվարդի դատական հայցում ասվում է, որ Թրամփի վարչակազմի գործողությունները ուսման ավարտից մի քանի օր առաջ համալսարանական անկարգությունների են հանգեցրել։
Հարվարդում լաբորատորիաներ վարող, դասընթացներ դասավանդող, պրոֆեսորներին օգնող և սպորտային մրցումներում մասնակցող արտասահմանցի ուսանողներն այժմ պետք է որոշեն՝ տեղափոխվե՞լ, թե՞ կորցնել երկրում մնալու իրենց օրինական կարգավիճակը, ասված է հայտարարության մեջ։ Ազդեցությունն ամենամեծն է այնպիսի հաստատություններում, ինչպիսին են Հարվարդին առընթեր Քենեդիի դպրոցը, որտեղ ուսանողների գրեթե կեսը գալիս է արտասահմանից, և Հարվարդի բիզնես դպրոցը, որտեղ ուսանողների մոտ մեկ երրորդը արտասահմանցի են։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հինգշաբթի հրամայել է իր գերատեսչությանը դադարեցնել Հարվարդի օտարերկրյա ուսանողների և փոխանակման այցելուների ծրագրի հավաստագրումը՝ հղում անելով համալսարանի՝ անցյալ ամիս գերատեսչության կողմից պահանջված արտասահմանցի ուսանողների վարքագծի վերաբերյալ տվյալները տրամադրելու մերժմանը։
Նոեմը հինգշաբթի Հարվարդ ուղարկված նամակում համալսարանին մեղադրել է «հրեա ուսանողների նկատմամբ թշնամական, ՀԱՄԱՍ-ի համակրանքը խթանող և ռասիստական բազմազանության, հավասարության և ներառման պրակտիկա կիրառող անապահով համալսարանական միջավայրը հավերժացնելու» մեջ։





























