Բաքվում հաստատել են հանրահայտ ճշմարտությունը. շատախոսը վաղ թե ուշ սկսում է հիմարություններ դուրս տալ։ Հերթական հիմարությունն է բացահայտել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, որը «Երևանյան երկխոսության» ֆորումի ժամանակ շտապել է մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունները։
Հաջիզադեն ենթադրում է, թե «Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը անտեսելը և այս հարցը խաղաղության համաձայնագրի հետ կապելը հարցեր է առաջացնում, թե ինչու է Հայաստանը բոլոր միջոցներով փորձում պահպանել այդ հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրականությանը»։
«Արևմտյան Ադրբեջանի հարցի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունները փաստերի աղավաղում են և բացահայտ ժխտում են նախկինում Հայաստանի բնակչության մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անօտարելի իրավունքները։ Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ», -հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Այհան Հաջիզադեն ընդգծել է, որ հաղորդակցությունների բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը՝ անարգել տարանցիկ փոխադրում ապահովելու վերաբերյալ, համապատասխանում է տարածաշրջանային համագործակցությանը և տնտեսական ինտեգրմանը և ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ «Հայաստանի դիմադրությունը և բարդ տարանցիկ երթուղիների առաջարկները դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին հայտարարություններին: Կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ՝ տարածքային պահանջները վերացնելու և անվերապահորեն աջակցելու Մինսկի խմբի լուծարմանը: Ադրբեջանի պայմանները խոչընդոտներ չեն, այլ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու օրինական քայլեր», -հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:





























