ԵՄ քաղաքացիների երեք քառորդն աջակցում է Ուկրաինային ֆինանսական եւ հումանիտար օգնությանը, երեք հինգերորդը հավանություն է տալիս ռազմական օգնությանը, գրեթե երեք քառորդն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այսպիսին են «Եվրոբարոմետրի» խոշոր հետազոտության արդյունքները։

Չորեքշաբթի հրապարակված համաեվրոպական «Եվրոբարոմետրի» վերջին հարցման համաձայն՝ հարցվածների 76 տոկոսը հավանություն է տալիս Ուկրաինային ֆինանսական եւ հումանիտար օգնության տրամադրմանը։

Եվրամիության կողմից Ուկրաինային զենքի եւ այլ ռազմական մատակարարումների գնմանն ու փոխանցմանն աջակցում է հարցվածների 59 տոկոսը։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին հավանություն է տալիս եվրոպացիների 72 տոկոսը, իսկ ուկրաինացի փախստականների ընդունումը՝ 80 տոկոսը։

77 տոկոսը համաձայն է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վտանգ է ներկայացնում նաեւ Եվրամիության համար։

Վերջին գարնանային «Եվրոբարոմետրի» ընթացքում ԵՄ երկրների եւ ինը թեկնածու երկրների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ավելի քան 26 000 բնակիչներ հարցման են ենթարկվել մարտի վերջից մինչեւ ապրիլի վերջը։