ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը կասեցրել է Միջազգային առևտրի դատարանի (USCIT) որոշումը, որը չորեքշաբթի երեկոյան արգելափակել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, հաղորդում է CNN-ը։
ԱՄՆ Դաշնային շրջանի վերաքննիչ դատարանի որոշումը վերականգնում է Թրամփի՝ այս տարվա սկզբին նրա արտակարգ լիազորությունների օգտագործմամբ հայտարարած մաքսատուրքեր սահմանելու իրավասությունը։
Վերաքննիչ դատարանը միաժամանակ երկու կողմերին պարտավորեցրել է գրավոր փաստարկներ տրամադրել՝ Թրամփի մաքսատուրքերն արգելափակելու վերաբերյալ, որոնք պետք է ներկայացվեն մինչև հաջորդ ամսվա սկիզբը։
Միջազգային առևտրային դատարանը չորեքշաբթի որոշում էր ընդունել, ըստ որի ԱՄՆ նախագահն ըստ «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի՝ լայնածավալ մաքսատուրքեր սահմանելու լիազորություններ չուներ։
Թրամփի վարչակազմն անմիջապես բողոքարկել էր որոշումը՝ նպատակ դնելով իրավական պայքար սկսել տնտեսական քաղաքականության շուրջ, որը, ինչպես խոստանում է Թրամփը, կուղղորդի ամերիկյան տնտեսությունը դեպի արտադրություն, սակայն, որն, ամենայն հավանականությամբ, հանգեցնելու է փոքր բիզնեսի և սպառողների համար գների բարձրացման։
Միջազգային առևտրի դատարանի (USCIT) երեք դատավորներից բաղկացած հանձնախումբն արգելափակել է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքին (IEEPA) համապատասխան բոլոր սակագները՝ ապրիլի 2-ին Թրամփի հայտարարած «Ազատագրման օրվա» սակագները, ինչպես նաև այս տարվա սկզբին Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի դեմ սահմանված սակագները, որոնք ուղղված էին Միացյալ Նահանգներ ֆենտանիլի ներմուծման դեմ պայքարին։
Հատկանշական է, որ հրամանագիրը չի ներառում ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի, պողպատի կամ ալյումինի նկատմամբ սահմանված 25% մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ էին մեկ այլ՝ «Առևտրի ընդլայնման մասին» օրենքի 232-րդ հատվածի համապատասխան։





























