Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը։
«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև պատմականորեն ձևավորված հարաբերությունների կարևորությունը մի շարք ոլորտներում, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ փոխադարձ շահերի հիման վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում էներգետիկ նախագծերը, վերականգնվող էներգիայի ծրագրերը, տրանսպորտային և հաղորդակցության ուղիների հեռանկարները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հետ համատեղ համագործակցությունը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի և հեռանկարների, ինչպես նաև առկա խոչընդոտների մասին։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ», - մեջբերում է նրանց լրատվամիջոցը։




























