Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) Իլոն Մասկի թիմն անտեսել է Սպիտակ տան հաղորդակցության գծով փորձագետներին, որոնք մտահոգված էին անվտանգության հնարավոր խախտումներով, երբ DOGE-ի աշխատակիցներն այս տարի համալիրում տեղադրել էին Մասկի Starlink ինտերնետային ծառայությունը։ The Washington Post-ին պատմել են խնդրին ծանոթ երեք անձինք։

Անանուն մնալու պայմանով Washington Post-իզրուցակիցները հայտնել են, որ Սպիտակ տան կապի համակարգերը կառավարողները նախապես տեղեկացված չեն եղել, երբ փետրվարին DOGE-ի ներկայացուցիչները բարձրացել են մոտակա Այզենհաուերի գործադիր գրասենյակի շենքի տանիք՝ համալիրի օգտատերերին Մասկի SpaceX մասնավոր հրթիռային ընկերությանը պատկանող Starlink արբանյակներին միացնող տերմինալ տեղադրելու համար։

Ըստ զրուցակիցների՝ համակարգերը կառավարողները չէին կարողանում վերահսկել նման միացումները՝ կանխելու համար համալիրից գաղտնի տեղեկությունների արտահոսքը կամ հաքերների ներխուժումը։

Հնարավոր չէր ստուգել, ​​թե արդյոք տանիքի տերմինալը մնացել է տեղադրված, թե՞ ինչ-որ բան կփոխվի հիմա, երբ Մասկը հեռացել է կառավարությունից։ Փետրվարին Սպիտակ տան հեռախոսներում հայտնվեց «Starlink Guest» WiFi ցանց, որը, մարդկանց պատմածով, օգտատերերից մուտքագրել միայն գաղտնաբառ էր պահանջում, այլ ոչ թե օգտանուն կամ այլ նույնականացման ձև։ Այդ WiFi ցանցը այս շաբաթ դեռևս երևում էր Սպիտակ տան այցելուների հեռախոսներում։

Սպիտակ տունը հարցն ուղղել է ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որն իր հերթին հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի կարող քննարկել կոնկրետ տեխնոլոգիական համակարգեր։

«Մենք տեղյակ էինք DOGE-ի՝ Սպիտակ տան տարածքում ինտերնետ հասանելիությունը բարելավելու մտադրությունների մասին և այդ հարցը միջադեպ կամ անվտանգության խախտում չենք համարում», -հայտարարել է Գաղտնի ծառայության ներկայացուցիչ Էնթոնի Գուգլիելմին։

Ավանդաբար, Սպիտակ տանը հյուրերի WiFi ցանցերում անձնական հեռախոսները օգտանուններ և գաղտնաբառեր են պահանջում, որոնք վերահսկվում են և որոնց ժամկետը լրանում է մեկ շաբաթ անց։ Աշխատակիցների փոխազդեցություններն արտաքին աշխարհի հետ «շատ ուշադիր վերահսկվում են», գրանցվում են սարքերի  նույնականացուցիչները և բոլոր փոխանցումների ժամանակը, Starlink-ի տեղադրումից հետո նշել է կառավարությունը լքածներից մեկը։

«Starlink-ը ոչինչ չի պահանջում։ Այն թույլ է տալիս տվյալներ փոխանցել առանց որևէ գրանցման կամ հետևման», -նշել է աղբյուրը։

Սպիտակ տան որոշ նախկին պաշտոնյաներ դիմել են Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի դեմոկրատներին՝ իրենց մտահոգություններն արտահայտելու համար, սակայն հանձնաժողովի անդամները Starlink-ի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել, ասել է դեմոկրատների ներկայացուցիչը։

«Մերկացումներ կատարող խիզախները կարևոր և կենսականորեն կարևոր տեղեկություններ են փոխանցել հանձնաժողովին, և մենք բազմաթիվ հետաքննություններ ենք անցկացնում Սպիտակ տանը և կառավարությունում Թրամփի վարչակազմի կողմից Starlink-ի օգտագործման վերաբերյալ, - The Post-ին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է հանձնաժողովի գործող բարձրաստիճան դեմոկրատ Սթիվեն Ֆ. Լինչը (Մասաչուսեթս): -Դա կարող է խաթարել մեր ազգային անվտանգությունը՝ բացահայտելով զգայուն տվյալներ և տեղեկություններ հաքերներին, մեր հակառակորդներին կամ ամերիկացիներին վնասել ցանկացողներին», -հավելելէ  նա։

Տանիքում Starlink-ի տեղադրումը, որի մասին սկզբնապես հաղորդել էր New York Times-ը, ընդհարում է առաջացրել DOGE-ի պաշտոնյաների և Գաղտնի ծառայության միջև։ Սպիտակ տան աշխատակազմի հակազդեցության մասին ավելի վաղ որևէ բան չի հաղորդվել։

Starlink արբանյակային կապն ավելի դժվար է կոտրել, քան ամերիկյան ավանդական հեռահաղորդակցության ցանցերը, որոնցում Չինաստանը խորը ներթափանցեց անցյալ տարի բացահայտված արշավի ժամանակ։ Սակայն ծայրից ծայր կոդավորված հեռախոսային հաղորդագրությունները, մասնավորաես Signal հավելվածի միջոցով ուղարկվողները, հաքերների չեն կարող կարդալ, եթե սարքերն իրենք չեն կոտրվել, կամ եթե դրանք չեն պահուստավորվել կոտրված այլ ծրագրաշարով, ինչպես վերջերս տեղի ունեցավ TeleMessage-ի դեպքում։

Ըստ զրուցակիցների՝ արբանյակային կապի կողմից ապահովվող ցանկացած լրացուցիչ անվտանգություն չի լուծում տարածքից դուրս գտնվող սահմանափակ տվյալների վերահսկման անհնարինության խնդիրը։