ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուրբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Իրան՝ գնահատելու այնտեղ ստեղծված իրավիճակը՝ Իսրայելի կողմից Նաթանզի միջուկային համալիրի վրա լայնածավալ ռազմական հարվածներից հետո։
ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ուղղված հայտարարության մեջ Գրոսին, հղում անելով Իրանի իշխանություններին, նշել է, որ Իրանի մյուս հիմնական ուրանի հարստացման կենտրոնը՝ Ֆորդոն, չի վնասվել, ինչպես նաև Սպահանում գտնվող մեկ այլ միջուկային օբյեկտ։ Նա հավելել է, որ Նաթանզում ճառագայթման բարձր մակարդակ չկա։
«Ես համապատասխան մարմիններին տեղեկացրել եմ իմ պատրաստակամության մասին՝ հնարավորինս շուտ մեկնելու՝ իրավիճակը գնահատելու և Իրանում միջուկային զենքի անվտանգությունն ու չտարածումն ապահովելու համար», - Reuters-ը մեջբերել է ԱԷՄԳ-ի ղեկավարի խոսքերը։
Նա չի նշել, թե որքան վնաս է հասցվել Նաթանզին կամ օբյեկտի որ մասերն են վնասվել։ Օբյեկտը ներառում է ուրանի հարստացման մեծ ստորգետնյա կայան և փոքր վերգետնյա փորձնական հարստացման կայան։
«Չնայած ներկայիս ռազմական գործողություններին և լարվածության աճին, պարզ է, որ Իրանի, Իսրայելի, ամբողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար միակ կայուն առաջընթացի ուղին երկխոսության և դիվանագիտության վրա հիմնված ուղին է՝ խաղաղություն, կայունություն և համագործակցություն ապահովելու համար», - ասաց Գրոսին։





























