Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տունը կորցրած ընտանիքները դեռևս չգիտեն՝ ինչպես է լուծվելու իրենց մշտական բնակության հարցը։ NEWS.am–ի հետ զրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ շարունակում են վարձով բնակարաններում ապրել, ու չգիտեն՝ ումից օգնություն ակնկալել։
«Համայնքապետարանից օգնություն ենք ստացել՝ 50 հազար դրամի չափով։ Տան առաջին ամսվա վարձը այդ գումարով վճարեցինք։ Արդեն մեկ ամիս անցել է պայթյունից, բայց այլ օգնության մասին տեղեկություն չունենք։ Սպասում ենք՝ տեսնենք ինչ կլինի, որ կարողանանք հաջորդ ամիսների վճարումներն էլ կատարել։ Պիտի հետևողական լինենք, որ մեզ չմոռանան»,–ասաց բնակիչը՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է պատկան մարմինների լռությունը. մտավախություններ ունեն, որ հաջորդ ամիսների վարձավճարի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։
«Ինձ ոչ մեկի տունը պետք չէր, բայց դեպքը եղել է։ Գոնե օգնություն պիտի տան, որ կարողանանք տան վարձը վճարել։ Այս ընթացքում մի անգամ համայնքապետարանն է գումարային օգնություն տվել, մի անգամ էլ Կարմիր խաչը տնտեսական պարագաններ է տրամադրել՝ լվացքի փոշի, օճառ և այլն»,–պատմեց պայթյունի հետևանքով տունը կորցրած բնակիչը։
NEWS.am–ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետարանի հետ՝ հասկանալու համար՝ թե ինչ օգնություն է այս ընթացքում տրամադրվել պայթյունից տուժած ընտանիքներին։ Գեղարքունիքի մարզպետի օգնականը՝ Մանանա Գալստյանը հայտնեց, որ սկզբնական շրջանում Ճամբարակի համայնքապետարանն է գումարային աջակցություն տրամադրել բնակիչներին, որպեսզի վերջիններս կարողանան վճարել բնակավարձը։ Նա նաև նշեց, որ նախորդ շաբաթ ՏԿԵ նախարարությունում հանդիպում–քննարկում է տեղի ունեցել Գեղարքունիքի մազրպետ Կարեն Սարգսյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Ճամբարակի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքներին մշտական բնակության վայրով ապահովելու ու աջակցություն տրամադրելու հարցը։





























