Եվրոպական ֆոնդային ինդեքսները նվազել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդլայնել է առևտրային պատերազմը՝ նոր սակագներ սահմանելով ոչ միայն Կանադայի, այլև մի շարք այլ երկրների դեմ։ Ներդրողներն անհամբերությամբ սպասում են Եվրոպական միության վերաբերյալ սակագների շուրջ որոշմանը, հաղորդում է Reuters-ը։

Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը Գրինվիչի ժամանակով 07:08-ի դրությամբ նվազել է 0,4%-ով՝ հասնելով 550,96 կետի, սակայն շաբաթվա արդյունքներով աճ գրանցելու հնարավորություն է պահպանում։ Տարածաշրջանային մյուս հիմնական ինդեքսները նույնպես անկում են գրանցել։

Հինգշաբթի Թրամփը հայտարարել է, որ մինչև ուրբաթ Եվրոպական միությունը կարող է պաշտոնական նամակ ստանալ նոր սակագների մասին տեղեկատվությամբ, ինչը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային բանակցությունների հեռանկարները։ Բացի այդ, օգոստոսի 1-ից ԱՄՆ-ը 35% չափով մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող բոլոր ապրանքների համար։ Այլ երկրների համար քննարկվում է 15-20% համընդհանուր դրույքաչափի սահմանումը, ինչը զգալիորեն բարձր է ներկայիս 10%-ից։

Վերջին օրերին Թրամփն ընդլայնել է առևտրային սահմանափակումները՝ նոր սակագներ սահմանելով մի շարք երկրների համար, ինչպես նաև 50% մաքսատուրք՝ պղնձի համար։

Ըստ ոլորտների՝ անձնական օգտագործման և կենցաղային ապրանքներ թողարկող եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը նվազել են 1%-ով, առողջապահության ոլորտի բաժնետոմսերն ընկել են 0,7%-ով։ Միևնույն ժամանակ, պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերն աճել են 0,6%-ով։

Ինչ վերաբերում է կորպորատիվ նորություններին, բրիտանական BP նավթային ընկերությունը հայտնել է, որ երկրորդ եռամսյակում իր արդյունքները կարող են տուժել գազի և նավթի գների նվազման պատճառով, թեև հումքի արդյունահանումը կգերազանցի նախորդ կանխատեսումները։ BP-ի բաժնետոմսերն աճել են 1,3%-ով։

Տնտեսական վիճակագրության համաձայն՝ Բրիտանիայի ՀՆԱ-ն մայիսին անսպասելիորեն կրճատվել է երկրորդ ամիսն անընդմեջ։

Միևնույն ժամանակ, հինգշաբթի ամերիկյան բորսաներում աճ է նկատվել. Dow Jones ինդեքսն ավելացել է ավելի քան 0,4%-ով, S&P 500-ը՝ ավելի քան 0,25%-ով, Nasdaq-ը չնչին աճ է գրանցել։