Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2011 թ. իրականացրել է ավելի քան 14 մլրդ դրամի բռնագանձում: Այդ մասին, այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

Սովորաբար հարկադիր բռնագանձումների աճը վկայում է տնտեսական իրավիճակի վատթարացման, չվճարումների ու պարտքերի խնդիրների սրման մասին: Օրինակ` 2009 թ. ճգնաժամային տարում բռնագանձումները աննախադեպ աճեցին` հասնելով 6 մլրդ դրամի: Սակայն բռնագանձումների ներկայիս ծավալների աճը Մ. Պողոսյանը մեկնաբանեց իր ղեկավարած ծառայության նկատմամբ վստահության աճով, աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, եւ դատախազության հետ արդյունավետ համագործակցությամբ: «Այսօր պարտապանը գիտի, որ ԴԱՀԿ-ին գործը հասնելուն պես բռնագանձումը կատարվելու է: Այդ պատճառով արդեն հայցի ապահովման փուլում վճարումներն ավելացել են»,- ասաց Մ. Պողոսյանը: Բացի այդ, նրա խոսքով, եթե նախկինում տնտեսվարողները նախընտրում էին «հարցերը լուծել» հեղինակությունների միջոցով, ապա այսօր նախապատվություն են տալիս դատական համակարգին:

Սակայն մտահոգիչ է մնում կանխամտածված սնանկությունների խնդիրը: 2011 թ. դատախազություն է ուղարկվել 35 գործ, որից 17-ի մասով հարուցվել է քրեական գործ, որից 10-ը` կանխամտածված սնանկություններ են: «Իրավաբանական անձինք, որոնք պետությանը կամ այլ սուբյեկտների ունեն խոշոր պարտքեր, իրենց գործունեությունն ուղղորդում են դեպի սնանկացում, որպեսզի պարտավորությունները չկատարեն»,- նշեց Մ. Պողոսյանը, ավելացնելով, որ կանխամտածված սնանկության իրավական գնահատականը տալիս է միայն դատախազությունը, իսկ իրենց գերատեսչությունը հիմքերն է գտնում: