Նատաշան տվյալ պահին ապրում է ԱՄՆ-ում: Նա ամուսնացել է եկեղեցու երգեհոնահարի հետ: Նա աշխատում է անշարժ գույքի գործակալությունում եւ ապրում ամերիկյան տիպիկ գավառային քաղաքում:
«Ես հիացած էի բարձրահասակ եւ հաղթանդամ նորվեգացիով: Նա լավ էր հագնված եւ ապրում էր Օսլոյի հարուստ թաղամասերից մեկում», - պատմել է նա: Սակայն շատ արագ իր հիացմունքը փոխվել է հիասթափության: Բելառուսուհուն դուր չի եկել նորվեգացու շովինիզմը. «Ես զգում էի, որ նա ինձ լուրջ չի ընդունում», - բողոքել է նա:
Նատաշան, որը մոտավորապես 30 տարեկան է, Բրեյվիկին հանդիպել է 2005 թվականի մարտին: Այն ժամանակ նա իր հարազատ Մինսկ քաղաքում էր ապրում: Ավելի ուշ նա Բրեյվիկի հրավերով մեկնել է Նորվեգիա եւ ապրել Օսլոյի նրա բնակարանում:
Բրեյվիկը նրա հետ ծանոթացել է ծանոթությունների կայքով, որտեղ Արեւմտյան Եվրոպայի տղամարդիկ կարող են ծանոթանալ Արեւելյան Եվրոպայի կանանց հետ: Նատաշան այն 20 կանանցից էր, որոնց տվյալներին ծանոթանալու համար Բրեյվիկը վճարել էր: Ընդհանուր առմամբ նա 100 եվրո է վճարել աղջիկների մասին տեղեկատվություն ստանալու համար:
«Նա ինձ հետ կապ է հաստատել համացանցի միջոցով, եւ ինձ հետաքրքիր էր նրա հետ հանդիպումը: Այժմ ինձ համար տհաճ է մտածել, որ մենք միասին էինք», - խոստովանել է Նատաշան:
Այժմ նա վախենում է, որ մարդիկ կսկսեն իրեն ընկալել իբրեւ «նորվեգացի հրաձիգի նախկին ընկերուհի», այդ պատճառով Dagbladet-ի խմբագրությանը խնդրել է չհայտնել ԱՄՆ-ի իր հասցեն: Եւ Նատաշան էլ նրա իսկական անունը չէ, հաղորդում է MIGnews.com-ը:
Հիշեցնենք, ավելի վաղ լուր էր տարածվել այն մասին, որ Բրեյվիկը այցելել է Բելառուս ընկերուհուն հանդիպելու համար, որի հետ ծանոթությունների կայքում նամակագրություն է ունեցել:
Նորվեգիայի ոստիկանները հայտնել էին, որ գիտեն Բրեյվիկի բելառուսցի սիրեցյալի անունը (այժմ այդ կինը բնակվում է ԱՄՆ-ում) եւ հույս ունեն հարցաքննել նրան:




























