Եվրոպական միության և ԱՄՆ-ի միջև կնքված առևտրային համաձայնագիրը թույլ կտա Եվրոպայի ավտոարդյունաբերությանը լրացուցիչ մոտ 4,7 միլիարդ դոլարի եկամուտ ունենալ։ Այսպիսի գնահատական է ներկայացրել «Bloomberg» գործակալությունը։
Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացրել է 25 տոկոսով։ Բրյուսելի և Վաշինգտոնի նոր գործարքը ենթադրում է սակագնային դրույքաչափի իջեցում մինչև 15%։
Առևտրային գործարքը վերացնում է եվրոպական ավտոարտադրողների համար առևտրում առկա անորոշությունը։ «Սա լավագույն լուծումն է մի իրավիճակի համար, որը վատ էր թվում։ Կարծում եմ՝ գերմանացի և շվեդ մենեջերներն այսուհետ ավելի հանգիստ կքնեն, քան նախորդ մի քանի շաբաթների ընթացքում», - ավտոմեքենաների շուկայի վերլուծաբան Մաթիաս Շմիդտի մեկնաբանությունը մեջբերում է գործակալությունը։
Այնուամենայնիվ, եվրոպական ընկերությունները ստիպված կլինեն հարմարվել առևտրային նոր ռեժիմին, քանի որ մինչ Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումը դրանք 2,5% մակարդակի վրա էին գտնվում։ Ավտոարտադրողները ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ կամ բարձրացնել գները, կամ արտադրության մի մասը տեղափոխել ԱՄՆ, գրում է գործակալությունը։





























