«Հայ–Ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող գործընթացը, ցավոք սրտի, ոչ թե նպատակ ունի կոնֆլիկտը կարգավորելու և միջպետական ոչ բարեկամական հարաբերություններին վերջնական լուծում տալու, այլ ուժային կենտրոնների համար սա պայքար է մոդերատորության համար»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Եթե մենք նայենք իրադարձություններին, տեսնում ենք, որ 2020-2022 թվականներին, երբ հարաբերությունների կարգավորման համար հիմք էր հանդիսանում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, մոդերատորությունը Մոսկվայում էր։ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո այդ մոդերատորությունը սկզբում Բրյուսելը փախցրեց, հետո Վաշինգտոնը»,–հավելեց նա։

Անդրադառնալով Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ընթացքում հնարավոր փաստաթղթի ստորագրմանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ որևէ լուրջ փաստաթուղթ չի ստորագրվելու, եթե անգամ ստորագրվի էլ, ցանկացած պահի կարող է չեղարկվել կամ սրբագրվել Թեհրանի և Մոսկվայի կողմից։

«Դա լինելու է այն, ինչ 2018 թվականից սկսած արվում է արևմտյան կենտրոններում՝ կոչեր, հայտարարություններ, նվիրվածություններ, ձգտումներ. այդ ամբողջ բառակույտն, ըստ էության ոչ մի առաջընթաց չի ապահովել Հայաստանի համար։ Նմանատիպ մի հուշագիր կստորագրվի, որպեսզի Թրամփը կապիտալիզացնի այն ինչ հայտարարել էր՝ հրաշքներ գործել»,–ասաց նա։

Գարիկ Քեռյանի կանխատեսմամբ, Վաշինգտոնում կարող է առաջընթաց գրանցվել Սյունիքի ճանապարհի հարցով։

«Առաջընթաց՝ ԱՄՆ–ի համար։ Պատահական չէր, որ հայտարարեցին՝ ճանապարհը վերահսկելու է ամերիկյան ընկերությունը։ Փաշինյանը Սյունիքի հարցով ինչ փաստաթղթով էլ վերադառնա, որով ճանապարհը տրվելու է ամերիկյան ընկերության, նշանակում է՝ կտրել կապը Իրանից դեպի Սև ծով ճանապարհը։ Բնականաբար, Ռուսաստանը և Իրանը ձեռնարկելու են քայլեր՝ համաձայնությունը տապալելու համար։ Դրան կհետևի նոր համաձայնագրի կնքում, բայց արդեն Ռուսաստանի և Իրանի մոդերատորությամբ»,–հավելեց նա։