Տնտեսագետ Կարեն Ադոնցը NEWS.am–ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 7-ին, մեկնաբանել է կառավարության նիստին ընդունված՝ «Վիվա Արմենիա» ընկերության մյուս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին որոշումը։
«Երբ որևէ կազմակերպությունում պետությունն ունի բաժնեմաս, նշանակում է, որ նա այդ ընկերություն ներկայացուցիչ է ուղարկում և պատասխանատվություն է կրում։ Այսինքն, եթե ինչ–որ բան այն չէ լինում կազմակերպությունում, անպայման կառավարությանն ասում են՝ բա դուք այնտեղ բաժնեմաս ունեինք, այս ինչ է կատարվում, տեղում չեք կարողանում վերահսկել։ Որպեսի այդ պատասխանատվությունն իր վրայից գցի, պետք է վաճառի բաժնեմասը։ Օրինակ եթե ՀԷՑ–ում պետությունը բաժնեմաս ունենար, չէր կարողանա ասել՝ թերություններ կան, որովհետև ինքն էլ ներկայություն կունենար կառավարման համակարգում»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարությունը այօրվա նիստում որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։
ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։





























