Համաձայն վիճակագրության` երեխաների թրաֆիքինգը Հայաստանում տարածված չէ, սակայն արձանագրված դեպքերը  անհանգստացնող են եւ պահանջում են հետեւողական գործողություններ կանխարգելման ուղղությամբ: Այդ մասին նշված է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին»  կամընտիր արձանագրության կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցում:

Զեկույցը նախապատրաստվել է միջգերատեսչական աշխատանքային  խմբի կողմից: Շահագրգիռ հասարակական կազմակերպությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու առաջարկներ  զեկույցի կառուցվածքի եւ բովանդակության վերաբերյալ:

Ըստ զեկույցում ներկայացված տեղեկատվության`2005-2010 թվականներին մարմնավաճառությունից տուժել են 5 անչափահասներ, ընդ որում`այդ դեպքերը տեղի են ունեցել 2009 եւ 2010 թվականներին: Ներկայումս անչափահաս մարմնավաճառներ ոստիկանության հաշվառումներով չեն անցնում:

Հանրապետությունից դուրս երեխաներին անօրինական տանելու կամ առեւանգման դեպքեր չեն արձանագրվել: Սակայն «մանկավաճառություն» հոդվածով մի շարք քրեական գործեր տեղի են ունեցել: Մասնավորապես` 2008 թ. այդպիսի 9 դեպք է եղել, իսկ 2010 թ.`1-ը: