Գիտնականների՝ երբևէ հետազոտած օդի հնագույն նմուշներից մեկը հայտնաբերվել է ժայռի մեջ փակված։ Այն փակված է եղել ավելի քան 800 միլիոն տարի, որից հետո հետազոտողներն այն բաց են թողել և խիստ ուշագրավ բան են հայտնաբերել։

Հին Երկրի մթնոլորտն ուսումնասիրելիս գիտնականները ստիպված են եղել հիմնվել անուղղակի տվյալների վրա՝ տարրերի պարունակությունը գնահատելու համար։ Սակայն այս մոտեցումը դժվար թե իդեալական լինի և միաժամանակ բարդ վերլուծություն և գնահատականներ է պահանջում։ Մեկ այլ մեթոդ է Անտարկտիդայի սառույցում փակված օդի հետազոտությունը, գրում է IFLScience-ը։

Սաթի մեջ ամփոփված միջատի պես մեր մոլորակի վաղ կլիմայի ցնդող մնացորդները, դրանց թվում՝ փոշին, օդային պղպջակները, ծովի աղը, հրաբխային մոխիրը և անտառային հրդեհներից առաջացած մուրը, կարող են միլիոնավոր տարիներ մնալ սառցադաշտային սառույցի մեջ, հաղորդում է Фокус-ը։ Կլիմայագետների համար այս «ժամանակի պարկուճները» մասունքներ են, որոնք պատմում են, թե ինչպես են Երկրի կլիման և մթնոլորտը դարերի ընթացքում փոխվել։

Այդ մեթոդները նախկինում գիտնականներին հնարավորություն են տվել ստանալ մոտ 5 միլիոն տարեկան օդի նմուշներ, սակայն դա համեմատաբար երիտասարդ է, հաշվի առնելով մեր մոլորակի ավելի քան 4,5 միլիարդ տարվա պատմությունը։

Այժմ, միջազգային հետազոտողների խմբի մշակած եղանակի շնորհիվ, գիտնականներին հաջողվել է ստանալ ավելի հին նմուշներ, որոնք մոտ 815 միլիոն տարեկան են։ Հետազոտությունը ղեկավարել է երկրաքիմիկոս դոկտոր Նայջել Բդեյմին։

Խումբն ուսումնասիրել է 2016 թվականին Ավստրալիայում հորատանցքից վերցված քարաղի՝ հալիտի նմուշներ։ Նախկինում հայտնի էր, որ հալիտը կարող է փոքր «ներառումներ»՝ աղի մեջ խցանված փոքրիկ գազի փուչիկներ պարունակել։ Սակայն ենթադրվում էր, որ այդ ներառումները հետազոտելու համար չափազանց փոքր են։

Բարեբախտաբար գիտության համար, թիմը կարողացել է ուսումնասիրել նմուշները նոր եղանակով։ Գիտնականները վերցրել են հալիտի նմուշներ և տեղադրել դրանք վակուումային խցիկում, այնուհետև մանրացրել են նմուշները փոքրիկ կտորների՝ ազատելով դրանցում պարունակվող գազը։ Այդ հին գազը, որն այժմ ազատ է, այնուհետև մատակարարվել է երկու քառաբևեռ զանգվածային սպեկտրոմետրերի՝ դրա կազմը վերլուծելու համար։ Արդյունքում նրանք կարողացան վերլուծել առկա գազը, որը Երկրի մթնոլորտում է եղել ավելի քան 800 միլիոն տարի առաջ։

Նոր եղանակն առաջին անգամ ցույց է տվել, որ մոտ 800 միլիոն տարի առաջ մոլորակի վրա ներկայիս թթվածնի մակարդակի մոտ կեսն էր։ Դա խիստ զարմանալի էր, քանի որ նախորդ գնահատականներով այն ժամանակներում այդ մակարդակը կազմում էր Երկրի մթնոլորտի մոտ 2%-ը։

Աբերդինի համալսարանին առընթեր երկրաբանական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Ջոն Փարնելն ասում է, որ նոր հետազոտությունն առաջինն է, որն անմիջականորեն չափել է օդում թթվածնի քանակը, որը հին կենդանիներին գոյատևելու հնարավորություն էր տալիս։ Գիտնականները պարզել են, որ մթնոլորտում թթվածնի մակարդակը տատանվում էր 10,3%-ից մինչև 13,4%, ինչը բավարար էր կյանքի ծաղկման համար։ Համեմատության համար, Երկրի մթնոլորտում թթվածնի մակարդակն այսօր կազմում է 20,9%։